Կան մարդիկ, ովքեր անկարող են դուրս նետել այն ամենը, ինչ իրենց պարզապես անհրաժեշտ չի, այդպիսի մարդիկ շատ են, հավանաբար դուք էլ որոշ չափով այդպիսին եք: Փորձե՛ք ինքներդ ձեզ, բացե՛ք հագուստի պահարանը, և փնտրեք այն վերնաշապիկը, որը վաղուց արդեն չեք օգտագործում և սակայն… ինչու՞ չեք այն նետում աղբարկղ:
Նման դեպքերում մարդիկ հաճախ պատասխանում են գրեթե նույն ձևով «Դա իմ ամենասիրելի զգեստն է, չեմ ցանկանում բաժանվել դրանից» կամ մեկ ուրիշ տարածված պատասխան՝ «Ճիշտ է, հիմա չեմ օգտագործում, բայց հետագայում միգուցե կօգտագործեմ»: Սա, իհարկե, ինչ-որ տեղ ընդունելի պատասխան է, և եթե ժամանակը մտերմացնում է մարդկանց, ապա պետք չէ զարմանալ, որ այն կարող է մտերմացնել նաև մարդկանց և առարկաներին, ինչն էլ հենց պատճառ է դրանց հետ բաժանման դժվարություններին, սակայն ինչպե՞ս հասկանալ նրանց՝ Պլյուշկինի համախտանիշի գերիներին:
Այս մարդիկ հավաքում են ամեն ինչ՝ ջարդված իրեր, հագուստ, վաղուց արդեն օգտագործելու համար անպիտան առարկաներ: Ոմանք, խոսելով այս կախվածության մասին, պայմանավորում են այն տարիքային գործոններով, օրինակ, որքան մարդիկ ավելի են մեծանում, նրանց համար ավելի դժվար է դառնում բաժանվել հին իրերից և ձեռք բերել նորերը, ինչը չենք կարող ասել ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչնրի մասին:
Այդուհանդերձ դա չի նշանակում, որ երիտասարդների շրջանում այս համախտանիշը բացակայում է: Թյուր է նաև այն տեսակետը, որ Պլյուշկինի համախտանիշը բնորոշ է սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին, ամերիկացի մեծահարուստ Հովարդ Հյուսը վերջերս անգամ տուն է գնել իր անպետք իրերի ողջ հավաքածուն այնտեղ տեղափոխելու նպատակով:
Պլյուշկինների համար խնդրի հաղթահարման հրաշալի օրինակ են ծառայում իտալացիներն ու ֆրանսիացիները, որոնք ամեն անգամ Ամանորից առաջ դուրս են նետում հին և անպետք իրերը, իսկ Ֆրանսիայում ընդունված բան է անպետք իրերը, լինի դա կահույք թե մեկ այլ բան, դրվում են տան առջև, և բոլոր նրանք, ովքեր ունեն դրա կարիքը, կարող են վերցնել: Իրականում սա շատ արդյունավետ միջոց է, քանի որ պլյուշկինների մոտ այսկերպ իրերից բաժանվելը կարող է հպարտության զգացողություն առաջացնել, այն առումով, որ իրենք որևէ բանով ի զորու կլինեն օգնել կարիքավորներին, ինչը որոշակիորեն կօգնի հաղթահարել նման իրերից չազատվելու վերջիններիս անբացատրելի ցանկությունը:
|