Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Սնահավատ վարքի հոգեբանական բացատրությունը

Եթե ագամ դուք աշխարհի ամենասնահավատ մարդն եք, երբեք չեք հրաժարվի ձեր աշխատավարձից միայն այն բանի համար, որ այն թվով տասերեքերորդն է: Սակայն պատմության մեջ հայտնի սնահավատներից մեկը` ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը, ժամանակին դիմել է նաև այդ քայլին: Անգամ խիստ կարևոր հավաքույթներին, որոնք տեղի էին ունենում ամսվա տասներեքերորդ օրը, նա երբեք չէր ներկայանում` կարծելով, որ այդ օրը որևէ վատ բան կարող է տեղի ունենալ:

Ընդհանրապես ԱՄՆ-ի գրեթե բոլոր նախագահները ժամանակին ունեցել են սնահավատ վարքի դրսևորումներ:

Հիշենք Ուիլյամ Մաք Կինլին. նա գրպանում միշտ կարմիր գնդասեղ էր ունենում, որը կարծում էր, թե իրեն հաջողություն է բերում: Գաղտնիք չէ նաև Ռեյգանի` գրպանում «հաջողակ կոպեկներ» պահելու սովորույթը:

Այսօր արդեն Բարաք Օբաման է հանդես գալիս նման վարքով և կարծես թե նա բացահայտել է ընտրություններում հաղթելու իր բանաձևը: Բանն այն է, որ արդեն երկու անգամ նախագահը ընտրություններից առաջ բասկետբոլ է խաղում կամ պարզապես գոնե մեկ անգամ այդ օրը գնդակը նետում է զամբյուղի մեջ:

Իրականում արտասովոր ոչինչ այստեղ չկա: Բոլոր մարդիկ, անգամ կենդանիները ինչ-որ չափով սնահավատ են: Այս բացահայտումը առաջին անգամ արեց հայտնի հոգեբան Սքիները, ով կարողացավ փորձարարական ճանապարհով ապացուցել, որ սնահավատ վարքը ձևավորվում է հանկարծակի ամրապնդման միջոցով:

Ի՞նչ է դա. մի պահ պատկերացրեք, որ դուք զբոսնում եք այգում և հանկարծ 100 դոլար եք գտնում: Եվ ահա այդ իրադարձությունը ամրապնդվում է ձեր ենթագիտակցության մեջ: Իհարկե, չի կարելի վստահաբար ասել, որ այս իրադարձությունից հետո դուք դառնում եք սնահավատ կամ այգին ընկալում որպես «հաջողության այգի»:

Բայց ի՞նչն է պատճառը, որ ամեն անգամ այնտեղով անցնելիս` դուք կամա թե ակամա ինչ- որ բան եք փնտրում, կամ զբոսանքի վայր ընտրելիս նախընտրում եք հենց այդ վայրը:

Այս ամենը խոսում է հենց Սքիների առանձնացրած «հանկարծակի ամրապնդման» երևույթի մասին:

Ուսանողը, որը քննությունից առաջ հանդիպում է հարևանին և բարձր գնահատական ստանում, կարծում է, որ այդ անձն իրեն հաջողություն է բերում և հակառակը: Նույնը կարելի է ասել նաև հագուստի մասին` հաջողակ կամ անհաջողակ հագուստ, հաջողակ վզնոց և այլն:

Հետաքրքիրն այն է, որ կանայք ավելի հաճախ են ունենում սնահավատ վարքի դրսևորումներ, ինչը գիտնականները պայմանավորում են հանգամանքով, որ նրանք հակված են չհիմնավորված անհանգստություն ունենալ:

Իսկ սնահավատությունը շատերի համար անհանգստության, վախի վերացման միջոց է:
Հեղինակ` Անի Խուդոյան

Աղբյուրը`www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (14.08.2016)
Դիտումներ: 1130 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar