Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
\ Նյութը պատրաստել է հ.գ.թ. Աննա Առաքելյանը Որքան բազմատեսակ են սիրո բովանդակության վերաբերյալ մոտեցումները, նույնքան հետաքրքիր են սիրո տեսակների, ձևերի և ոճերի մասին տեսակետներն ու տեսությունները: Տ. Կեմպերը որպես սիրո տիպերի ցուցանիշներ առանձնացնում է իշխանությունը և ստատուսը: Իշխանությունը մեկնաբանվում է որևէ մեկին ինչ-որ բան անել ստիպելու ընդունակություն, իսկ ստատուսը` դրական հուզական հարաբերությունների շնորհիվ զուգընկերոջ պահանջներին ընդառաջ գնալու ցանկություն: Հեղինակը սիրո տիպեր է առանձնացնում`կախված այն բանից, թե ինչպիսին է իշխանության և ստատուսի մակարդակը` բարձր կամ ցածր ( ռոմանտիկական սեր, եղբայրական սեր, խարիզմատիկ սեր, «դավաճանություն», սիրահարվածություն, «խոնարհում», ծնողների և փոքր երեխայի միջև սեր ): Է. Ֆրոմմն առանձնացնում է սիրո եղբայրական, մայրական, էրոտիկական տեսակներ, իր և Աստծո նկատմամբ սեր: Նրա տեսանկյունից` սիրո ցուցանիշներ են խնամքը, պատասխանատվությունը, միմյանց նկատմամբ հարգանքը, զուգընկերոջ առանձնահատկությունների իմացությունը, բավարարվածության և ուրախության զգացողությունը: Ըստ Է. Ֆրոմմի` հասուն սերը միություն է, որի պայմանը զուգընկերների ամբողջականության և անհատականության պահպանումն է: Ընդհանուր առմամբ, նրա տեսանկյունից սերն ավելի շուտ տվող է, ոչ թե վերցնել սիրող: Մարդու համար տալու ստեղծագործ գործողությունը բացարձակ այլ իմաստ ունի: Դա ուժի բարձրագույն դրսևորում է: Տալով ուրիշին` մարդը զգում է սեփական ուժը, հարստությունը, իշխանությունը: Սիրո մեջ մարդը տալիս է իր, իր կյանքի մի մասը: Տալու գործընթացում նա ակամայից ինչ-որ բան կենդանացնում է այլ մարդու մեջ և արտացոլվածը վերադառնում է իրեն: Մեկ մարդու նկատմամբ սերը և անտարբերությունը մնացած ամենի ինչին, դա սեր չէ, այլ սիմբիոտիկական կապվածություն կամ ընդլայնված եսասիրություն: Է. Ֆրոմմի տեսանկյունից` եթե մարդը իսկապես սիրում է որևէ մեկին, ապա նա սիրում է բոլորին, ողջ աշխարհը: Ռ. Խարիսսը սիրո մեջ առանձնացնում է հարգանքը, զուգընկերոջ նկատմամբ դրական զգացմունքները, էրոտիկական զգացմունքները, մտերմության և ինտիմության զգացումը: Հետաքրքրիր է, որ հեղինակն այստեղ ներառում է նաև թշնամության զգացումը, որը բխում է զուգընկերների միջև խիստ փոքր հեռավորությունից և հուզական մտերմությունից: Սիրային հարաբերությունները ենթադրում են նաև անընդհատ շփում և փոխադարձ կախվածություն, անգամ կենցաղային մակարդակում: Այս իրադրության մեջ սիրո օբյեկտը ժամանակ առ ժամանակ կարող է առաջացնել բացասական զգացումներ, օրինակ` նյարդայնություն, զայրույթ: Զ. Ռուբինը սիրո տիպերի դասակարգման համար առանձնացնում է 3 գործոններ` կապվածություն, խնամք և մտերմություն: Հետաքրքրություն է ներկայացնում Ա. Իվինի սիրո 9 աստիճանների կամ ձևերի տեսությունը, որում հեղինակը սերը ներկայացնում է աստիճանների տեսքով: Ըստ այս տեսության առաջին շրջանի բնութագրության` մարդկային սերն անպայման սկսվում է եսասիրությունից, իր նկատմամբ սիրուց: Իր նկատմամբ սերն անձնավորության գոյության նախապայմանն է և հետևաբար` սիրո առաջացման պայմանը: Ով արհամարհանքով է վերաբերվում իրեն, ընդունակ չէ ո'չ սիրել, ո'չ գնահատել ուրիշին: Վ.Սոլովյովի կարծիքով` սերը կրում է անհատական բնույթ: Մարդկային սիրո իմաստն անհատականության արդարացում և փրկությունն է` եսասիրության զոհաբերության միջոցով: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սիրո միջոցով հաստատվում է այլ անհատականության անպայման նշանակությունը: Վ. Սոլովյովը սիրո մեջ 2 սկիզբ է տեսնում`բնական (սեռական սեր ) և իդեալական ( հոգևոր սեր): Վ. Ի. Մուստեյնի կարծիքով`«սեր»հասկացության մեջ մտնում են բազմաթիվ բնութագրիչներ` այլասիրություն, ինտիմություն, հիացմունք, հարգանք, վստահություն, համաձայնություն, հպարտություն: Նա կարծում է, որ ուսումնասիրությունները վկայում են սիրո 3 փուլերի մասին. ա/ կրքոտ սեր բ/ ռոմանտիկական սեր գ/ամուսնական սեր Ըստ Ջ. Լիի` բոլոր մարդկանց համար գլխավոր խնդիրն այնպիսի զուգընկերոջ հանդիպումն է, որը կարող է կիսել մեր կարծիքները, կյանքի նկատմամբ հայացքները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնացած մարդկանց մեծամասնությունը տհաճություն է զգում այն բանի համար, որ ընտրել է ոչ այն մարդուն, ում կցանկանար: Որպեսզի մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն, խորհուրդ է տալիս ուսումնասիրել սիրո ոճերն ու գույները. « Էրոս»- էրոտիկական սերը միշտ սկսվում է ուժեղ ֆիզիկական ձգողականությունից: Այս ոճին համապատասխանում է կարմիր գույնը: «Ստորգե»-սիրո այս տեսակն առաջանում է այն մարդկանց միջև, ովքեր ապրում են հարևանությամբ, հետո համակրում են միմյանց, որոշում են ընտանիք ստեղծել: Այս ոճին համապատասխանում է դեղին գույնը: « Լյուդուս» նշանակում է «խաղ»: Առանց խոստումների սեր: Այս ոճի նախընտրողներն իրենց կյանքը չեն նվիրում մեկ զուգընկերոջ: Այս ոճին համապատասխանում է կապույտ գույնը: «Պրագմա»- գիտակցական սեր, որը ձևավորվում է «ստորգե» և «լյուդուս» համադրության արդյունքում: Այս ոճին համապատասխանում է կանաչ գույնը: «Ագապե»-այլ անձի բարօրության համար խնամք, հոգատարություն, անձնազոհ սեր: Սիրո համար պատրաստ ինքնազոհության: Այս ոճին համապատասխանում է նարնջագույնը: «Լյուդիստական սեր»-այս ոճի սիրահարները գոհ են կյանքից, վստահորեն հաղթահարում են խնդիրները, չունեն խորը զգացմունքներ, բայց ընդունակ են օգնել զուգընկերոջը, սիրով բավարարել, դադարեցնում են հարաբերությունները, եթե չեն զգում բավարարվածություն: « Ստորգիական լյուդուս»-այս ոճի սիրահարների կյանքը սիրային պատմությունների երկար թվարկում է: Որպես կանոն, ունեն ամուսին, չեն արտահայտում իրենց հույզերն ու զգացմունքները, երազկոտ չեն, ժամանակ են անցկացնում այլ զուգընկերոջ հետ: Իր ոճը որոշելով` մարդը կարող է ընտրել համապատասխան ոճ զուգընկերոջ համար: Ոճերի համապատասխանությունն ապահովում է զուգընկերների արդյունավետ հարաբերությունը: Ամուսնություններում հարմար է մոտ ոճերի զուգընկերների ընտրությունը: Սակայն, պետք է նշել, որ սիրո ոճը կարող է փոխվել ժամանակի և ապրումների փորձի ընթացքում: Սիրո եռանկյունային տեսության հեղինակ Ռ. Ստերնբերգը 3 հիմնային բաղադրիչ է առանձնացնում. -ինտիմ բաղադրիչ (մտերիմ հարաբերությունների առկայություն) -կրքի բաղադրիչ (ռոմանտիկական հարաբերություններ, սեռական հակում, որպես լրացուցիչ բաղադրիչներ` գերակայություն, ենթարկում, ինքնաիրացում): -որոշման բաղադրիչ (պարտավորությունը ենթադրում է 2 կողմ` մարդու որոշումը սիրում է, թե ոչ, և այդ սերը պահպանելու պարտավորություն, այսինքն` տևական հարաբերություններ): Այս բաղադրիչների հիման վրա ձևավորվում են սիրային հարաբերությունների անհատական ոճեր. Սեր-կիրք Սեր-ընկերություն Սեր-պարտավորվածություն Ռ. Ստերնբերգի առաջարկած սիրո տիպաբանության մեջ ներկայացված են այս բաղադրիչների հնարավոր միավորումները: Իդեալական համարվում է կատարյալ սերը` 3 բաղադրիչների միավորումը: Իհարկե, կատարյալ սիրուն հասնելը դժվար է, բայց ավելի բարդ է այն պահպանելը:
| |
Դիտումներ: 2164 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |