Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ռոմեոյի և Ջուլիետի էֆեկտը

<<Ռոմեոյի և Ջուլիետի էֆեկտ>>

Ըստ  հոգեբան Է. Ուոլստերի տեսակետի, անձն իր ֆիզիոլոգիական գրգռվածության վիճակը կարող է կապել և դրական, և բացասական հույզերի, օրինակ`վախի հետ:  Այդ պատճառով ենթադրվում է, որ սերը կարող է առաջանալ նաև վախի հիման վրա: Եթե սիրահարների կյանքին և փոխհարաբերությունների ապագային վտանգ է սպառնում, ապա նրանց սերն ավելի է ուժեղանում: Այս երևույթը, որը վաղուց են նկատել գրողները, իր ամենատպավորիչ և հուզիչ արտահայտությունն է գտել Ու. Շեքսպիրի <<Ռոմեո և Ջուլիետ>> ողբերգության մեջ և այժմ ստանում է հոգեբանական օրինաչափության իմաստ ` <<Ռոմեոյի և Ջուլիետի էֆեկտ>> անվան տակ: Ձգտելով խանգարել սիրահարների հանդիպումներին, բաժանել նրանց և թուլացնել սերը ` ծնողները, փաստորեն, հակառակ արդյունքի են հասնում: Երիտասարդների սերն էլ ավելի է ուժեղանում ` հասնելով անհնազանդության մակարդակի և նույնիսկ վտանգավոր դառնալով նրանց կյանքի համար: Արգելված սերը ողբերգական երանգներ է ստանում:

<<Ռոմեոյի և Ջուլիետի էֆեկտը>>, մեծ դեր խաղալով սիրո առաջացման և ուժեղացման գործում, հետագա հարաբերություններում կարող է խիստ բացասական հետևանքների հանգեցնել: Պատանին կամ աղջիկը հրապուրված են միմյանցով, սիրահարվում են: Ծնողներն արգելում են նրանց հանդիպել: Դրա հետևանքով նրանց մեջ զրկվածության զգացում է առաջանում, և սերն ուժեղանում է: Երիտասարդներին կարող է թվալ, թե խելագարի նման սիրում են իրար,որ առանց մեկը մյուսին ապրել չեն կարող: Բայց ահա արգելքը վերանում է, ծնողները զիջում են, թույլ են տալիս ամուսնանալ: Այս նոր վիճակը յուրահատուկ է նրանով, որ երիտասարդ զույգի սերը մնում է առանց իր հիմնական ֆունկցիայի, որն էր ` բողոքը արգելքների դեմ: Սիրային կապը զրկվում է իր իմաստի մի զգալի մասից և թուլանում է, իսկ որոշ ժամանակ անց կարող է անհետանալ, որն էլ իր հերթին կարող է ամուսնալուծությունների պատճառ դառնալ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Պետրոսյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (11.04.2017)
Դիտումներ: 1370 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar