Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
ՓԱԽՉՈՂ ՄԱՐԴՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Մետրոյով հաճախակի երթևեկողները անշուշտ կփաստեն, որ հաճախ են ականատես լինում այնպիսի իրավիճակի, երբ շարաժասանդուղքը իջնում կամ բարձրանում է, իսկ մարդիկ շարունակում են այդ ընթացքում քայլել: Հավանաբար նրանք շտապում են, շտապում են անգամ այն դեպքում, երբ չեն ուշանում… թվում է, թե անհասկանալի մի բան կա այս ամենի մեջ: Իրականում մարդիկ սիրում են անընդհատ «վազել», քանի որ ամեն կերպ ձգտում են զբաղված լինել, հաճախ որպեսզի «ազատվեն» իրենք իրենցից: Այս համընդհանուր շարժման մեջ կանգ առնելը կնշանակի գնալ դեպի ինքնավերլուծություն, գնալ տարբեր տարիքային փուլերում շարունակ տանջող մտքերի(ով եմ ես, ինչու եմ ապրում,որն է կյանքիս իմաստը) ետևից: Շատերը փախչում են այս հարցերին պատասխան չտալու պատճառով, իսկ մեծամասնությունը փախչում է իր խնդիրներից: Նման մարդկանց համար սա փրկարար փախուստ է, այս ամենը հստակ գիտակցում են նաև նրանք, ովքեր դիմում են այս քայլին: Առաջին հայացքից թվում է, թե տվյալ մարդը խիստ զբաղված է, անընդհատ շտապում է, ուշանում, հետո հասկանում ես, որ նա ինքն է ընտրել այդ ապրելաոճը, որպեսզի ազատվի, չմտածի այն ամենի մասին, ինչ ինքը չի կարողանում վերահսկել: Հետաքրքիր է, երբ չես ուշանում, սակայն շտապում ես, և երբ վերջապես հասնում ես այն վայրը, որտեղ շտապում էիր, տպավորություն է ստեղծվում, ինչու չէ նաև զգացողություն, որ դու կարողանում ես կառավարել ԿՅԱՆՔը: <<Փախչող մարդու>> սինդրոմի ետևում, սակայն, միայն սեփական մտքերից, և խնդիրներից փախուստի գործոնները չեն ընկած: Կան մարդիկ, որոնք անընդհատ շտապում են ուշադրության արժանանալու նպատակով: Իսկ ամենածայրահեղ դեպքերը գրանցվում են այն դեպքում, երբ այս ամենը արվում է խղճահարության արժանանալու նպատակով: Շտապողականության և փախչող մարդու գաղափարներին միայն բացասական որակումներ տալն էլ անշուշտ սխալ մոտեցման արդյունք կլինի: Պարզապես պետք է ամեն դեպքում խուսափել չհիմնավորված շտապողականությունից, իսկ այն դեպքում, երբ այն իրապես արդարացված է, կարելի է պարզապես օրվա ընթացքում մի քանի րոպե տրամադրել սեփական անձին՝ ինքնավերլուծության համար: Դա կարելի է անել հետևյալ վարժության օգնությամբ՝ վերցնում եք լուցկու տուփ, հատիկ առ հատիկ հանում լուցկիները և դասավորում հորիզոնական ուղղությամբ, հանելու ընթացքում փորձում եք կենտրոնանալ ձեր զգացմունքների և մտքերի, ինչու չէ նաև անլուծելի թվացող խնդիրների վրա, որոնց պատճառով էլ փորձում եք արհեստական զբաղվածություն ստեղծելու միջոցով փախչել իրականությունից: Օրվա ընթացքում տաս րոպե տրամադրելով նման վարժությունների՝ դուք կհաստակեցնեք ձեր ցանկությունները, խնդիրներին տրվող հնարավոր լուծումները ինքներդ ձեզ համար և փախուստի անհրաժեշտություն էլ չի լինի: Հեղինակ՝ Անի Խուդոյան Աղբյուրը՝ www.diplomat.am | |
Դիտումներ: 693 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |