Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ԿՑԱՆԿԱՆԱՍ, ԿԳՏՆԵՍ ԺԱՄԱՆԱԿ, ՉԵՍ ՑԱՆԿԱՆԱ, ԿԳՏՆԵՍ ՊԱՏՃԱՌ

Շատերի համար սեփական նպատակներին հասնելը չափազանց բարդ և ժամանակի առումով անլուծելի խնդիր է: Ինչու՞ ժամանակի, քանի որ մարդիկ հաճախ չեն կարողանում ճիշտ տնօրինել իրենց ժամանակը և երբեմն անգամ ամենահասանելի թվացող նպատակները չեն իրականանում հենց միայն ժամանակի սխալ օգտագործման պատճառով:

Այն միտքը, որ գաղտնապահ մարդիկ ժամանակի ճիշտ օգտագործման վարպետներ են, թույլ է տալիս անել որոշ եզրահանգումներ, այն առումով, որ երբեմն պետք չէ ժամանակից շուտ ապագայի հետ կապված սեփական ծրագրերով կիսվել ուրիշների հետ. այդ դեպքում ձեր էներգիան ծախսվում է ոչ թե գործողությունների, այլ բառերի վրա: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել Պարետոյի սկզբունքը, ըստ որի 20% գործողությունները տալիս են 80% արդյունք, մինչդեռ մնացած 80% գործողությունները ունենում են ընդամենը 20% արդյունք:

Հոգեբանները մի շարք խորհուրդներ են մշակել հատկապես այն մարդկանց համար, որոնք դժվարանում են խելամիտ ձևով տնօրինել իրենց ժամանակը, և հաճախ բախվում են չիրագործված նպատակների և ծրագրերի առկայության խնդրի հետ: Նման մարդկանց համար առաջնահերթ խնդիր կարելի է համարել «երկու րոպեում» կոչվող տակտիկային հետամուտ լինելը:

Սա բավական հետաքրքիր մի մեթոդ է, որը ենթադրում է օրվա ընթացքում ծագող բոլոր այն խնդիրներին, որոնց լուծումը կարող է զբաղեցնել ընդամենը մի քանի րոպե, տալ հապճեպ լուծում և որից հետո միայն անցնել ավելի դժվարին խնդիրների լուծմանը:

Փոքրիկ, չլուծված խնդիրները, որպես կանոն, թույլ չեն տալիս լիարժեք կերպով կենտրոնանալ ավելի բարդ խնդիրների վրա: Վերջապես անավարտ թողնված ցանկացած գործ էներգիա է կլանում մարդուց՝ խանգարելով նրան ամբողջ օրվա ընթացքում:

Ժամանակի խնայման համար կարելի է նաև օգտագործել այն բոլոր, այսպես կոչված, «սպասողական» իրավիճակները, երբ դուք ստիպված եք լինում ճանապարհորդել կամ սպասել որևէ այլ վայրում: Նման դեպքում, ժամանակը կարելի է լրացնել, օրինակ, ընթերցանության միջոցով:

Օրվա վերջում պետք է նաև վերաիմաստավորել անցած օրը. դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ տնօրինել ժամանակը հետագա օրերի ընթացքում: Իսկ որ ամենակարևորն է՝ նպատակին հասնելու համար նախ գործել է պետք. ժամանակը չի սիրում սպասել:

Նյութը վերցված է  www.diplomat.am  կայքից

Հեղինակ` Անի Խուդոյան

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (12.08.2016)
Դիտումներ: 511 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar