
Կարոտն այն զգացողությունն է, որը բնորոշ է առհասարակ բոլորին. չկա այնպիսի մարդ, ով կարողանա վստահաբար ասել, որ ինքը երբևէ չի կարոտել կամ չգիտի այդ զգացողության դառը և քաղցր կողմերը:
Կարոտի հոգեբանական մեկնաբանությունը երբեմն հակասական է լինում, այն հարցին, թե ինչու են մարդիկ սովորաբար կարոտում, հնչում են տարբեր պատասխաններ, որոնցից ամենատարածվածը, թերևս, կապվածությունն է: Այո՛, հնարավոր է, իսկ ինչու՞ ոչ. չէ՞ որ անժխտելի է փաստը, որ մարդիկ կարոտում են անգամ այն հագուստը, որը տևական ժամանակ կրել են, կարոտում են այն տունը, որտեղ տարիներ շարունակ ապրել են և վերջապես կարոտում են այն մարդուն, ում հետ երկար տարիներ կամ միգուցե ամիսներ հաճելի ժամանակ են անցկացրել, իսկ այդ ժամանակը կապում է մեզ շրջապատող առարկաների, մարդկանց հետ և բաժանումը, որը կապի խզումն է, ըստ էության, հենց կարոտի ձևավորման պատճառ է:
Մյուս կողմից կա ևս մի տեսակետ, անհավանական, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվ տեսակետ, ըստ որի, մենք կարոտում ենք ոչ թե մարդկանց, այլ կարոտում ենք անցյալը, որի հետ նրանք կապում են մեզ: Այն կինը կամ տղամարդը, որը շարունակաբար ասում է, որ կարոտում է իր առաջին սիրուն, իրականում կարոտում է իր երիտասարդությունը, որի հետ իրեն կապող միակ օղակը իր առաջին սերն է: Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ որևէ մեկին կարոտելիս մենք կարոտում ենք նաև ինքներս մեզ այն ժամանակաշրջանում, երբ նրա հետ էինք:
Սակայն կա նաև կարոտի առաջացման հիմքում ընկած հոգեբանական մեխանիզմների մեկ այլ քննարկվող տարբերակ, համաձայն որի, կարոտը ձևավորվում է այն պատճառով, որ մարդիկ վախենում են միայնակ մնալուց, այն ժամանակ, երբ նրանք սկսում են գիտակցել, որ միայնակ են, ի հայտ է գալիս կարոտը: Այս տարբերակը ևս ունի իր հիմնավորումը: Օրինակ, քիչ հավանական է, որ դուք կարոտի սուր զգացողություն կունենաք, եթե հետաքրքիր ֆիլմ եք նայում կամ ընկերների շրջապատում եք, կամ զբաղված եք որևէ գործով: Նման պայմաններով կարոտի զգացողությունը չափազանց թույլ է լինում, և սա իրականում լավ միջոց է նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչպես հաղթահարել այն: Պարզապես հետաքրքիր զբաղմունք գտեք ձեզ համար, հատկապես եթե դուք հուզական մարդ եք, և ամեն մի բաժանում խիստ ծանր փորձություն է ձեզ համար:
Ինչևէ, ակնհայտ է, որ երբեք պետք չէ խուսափել կարոտից, և առավել ևս այն գաղափարից, որ կարոտի մասին խոսելն ամոթ է, իսկ այն մտածելակերպը, որն, ի դեպ, խիստ բնորոշ է կանանց, որ պետք չէ որևէ մեկին ասել, որ կարոտում ես, որովհետև հնարավոր է, որ վերջինս քեզ չի կարոտում, խիստ քննադատելի է, քանի որ միայն զգացմունքների արտահայտումն է հնարավորություն տալիս գոնե մասամբ հանել այն ենթագիտակցությունից:
|