Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ինչու՞ են մարդիկ երազներ տեսնում

Ինչու՞ են մարդիկ երազներ  տեսնում

 

       Երազատեսության հարցը ուսումնասիրվել է տարբեր տեսանկյուններից: Հեղինակները հետաքրքիր վարկածներ ու մոտեցումներ են առաջադրել: Այսպես, Զ. Ֆրեյդը, վերլուծելով իր այցելուների երազները, եկել է այն եզրակացության, որ  վերջիններս արտահայտում են մարդկանց ճնշված ցանկություններն ու ձգտումները: Ֆրեյդի համոզմամբ` երազում մարդիկ կարող են տեսնել այն, ինչի ցանկանում են հասնել՝ բառացիորեն կամ սիմվոլիկ: Ուսումնասիրելով երազները` Զ. Ֆրեյդը վեր էր հանում  այցելուների թաքնված վախերն ու ձգտումները: Ալան Հոբսոնի ուղեղի էլեկտրական ակտիվության երկրորդային  էֆֆեկտի տեսության տեսանկյունից՝  երազներն իրենց մեջ ոչ մի իմաստ չեն կրում, ընդամենը պատահական էլեկտրական ազդակների արդյունք են, որոնք առաջանում են հույզերի, ընկալման և հիշողությունների համար պատասխանատու  ուղեղային բաժիններում: Հոգեբույժ Ալան Հոբսոնի տեսության համաձայն՝ ուղեղը պարզապես փորձում է մեկնաբանել պատահական ազդանշանները, ինչը և հանգեցնում է գունավոր կամ պակաս գունավոր սյուժետների առաջացմանը: Այս տեսության տեսանկյունից՝  կարելի  է նաև բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ հակված ստեղծել գեղարվեստական-գրական ստեղծագործություններ, որոնք ըստ էության ոչ այլ ինչ են, քան ինչ-որ տեսակի «արթմնի երազներ»: Հոգեբույժ Չժան Ցզեի «անընդհատ ակտիվացիայի տեսության համաձայն»՝ ուղեղն անընդհատ իր մեջով անցկացնում է բազմաթիվ հիշողություններ՝ անկախ նրանից մարդը քնած է, թե արթուն: Այն պահին, երբ կարճատև հուշերը տեղափոխվում են տևական պահպանման երկարատև հիշողության բաժիններում, առաջանում են երազները:

       Հետադարձ ուսուցման տեսության համաձայն՝ երազները մարդկանց օգնում են ազատվել ոչ անհրաժեշտ զուգորդումների և կապերի որոշակի քանակությունից, որոնք առաջանում են մարդու ուղեղում ողջ օրվա ընթացքում: Կարելի է ասել, որ երազները ծառայում են որպես «աղբի դուրս բերման» յուրատիպ մեխանիզմ՝ անցանկալի և անպիտան մտքերից մաքրում: Դա թույլ է տալիս խուսափել ամեն օր ուղեղ թափանցող ինֆորմացիայի մեծ քանակության ծանրաբեռնվածությունից:

        Երազն՝ իբրև ինֆորմացիայի կարգավորման և մտապահման գործընթաց, գաղափարի օգտին են խոսում այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ մարդն ավելի լավ է հիշում քնելուց անմիջականորեն առաջ ստացած տեղեկությունները: Այս ուղղության ներկայացուցիչները ևս վստահ են, որ երազներն օգնում են մարդկանց իմաստավորել և համակարգել օրվա ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան: Այս  վարկածի հաստատման օգտին են խոսում նաև այն ուսումնասիրությունները, որոնց ընթացքում  բացահայտվել է, որ եթե մարդը քնում է որևէ տհաճ դեպքից անմիջապես հետո, ապա արթնանալով նա  շատ լավ  կհիշի ամեն ինչ, կարծես թե  դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի րոպե առաջ: Այդ պատճառով, եթե կան հոգեբանական տրավմայի կասկածներ, ապա ավելի լավ է տուժածին թույլ չտալ քնել ժամանակի մաքսիմալ քանակ. երազների բացակայությունը կօգնի հիշողությունից ջնջել տհաճ տպավորությունները:

    Երազը՝ որպես կենդանիներից փոխանցված ձևափոխված պաշտպանական բնազդ, տեսակետի օգտին են խոսում որոշ գիտնականների ուսումնասիրությունները: Հստակ նմանություն է արձանագրվել «մահացած» ձևացող կենդանիների վարքի և երազ տեսնելիս մարդու վիճակի միջև: Երազ տեսնելիս ուղեղն աշխատում է ճիշտ այնպես, ինչպես արթնության վիճակում՝ բացառությամբ մարմնի շարժողական ակտիվության: Միաժամանակ գրեթե նույնն է նկատվում կենդանիների մոտ, որոնք դիակ են ձևացնում, որպեսզի գազաններն իրենց չվնասեն: Այդ պատճառով, լիովին հնարավոր է, որ երազները մարդուն փոխանցվել են կենդանական նախնիներից՝ էվոլյուցիայի ընթացքում կրելով որոշ փոփոխություններ: Իսկ  Ֆին փիլիսոփա և նևրոլոգ Անտտի Ռեվոնսուոն ենթադրել է, որ երազների կենսաբանական գործառույթը կայանում է տարբեր վտանգավոր իրադրությունների մոդելավորման մեջ՝ օրգանիզմի ռեակցիաների մշակման և «փորձարկման» նպատակով: Մարդը, որն իր երազներում հաճախ հանդիպում է ինչ-որ վտանգների հետ, ռեալ վտանգների առաջացման դեպքում ավելի վստահ կգործի, քանի որ իրադրությունն իրեն արդեն «ծանոթ» է: Ըստ հեղինակի՝ այդպիսի մարզումները բարենպաստ են ազդում մարդու և ընդհանրապես տեսակի պահպանման վրա: Այս վարկածի դիրքերից  չեն բացատրվում դրական երազները, որոնք իրենց մեջ ոչ մի վտանգ և կանխազգուշացումներ չեն կրում:

      Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դեյդրա Բարրետի առաջարկած վարկածի համաձայն՝ երազները մարդու  համար յուրատիպ թատրոն են ծառայում, որի բեմին կարելի է գտնել շատ հարցերի պատասխաններ և որոշ խնդիրների լուծումներ, ընդ որում քնած ժամանակ ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ ընդունակ է ավելի արագ կազմավորել զուգորդային կապեր: Դեյդրան եզրակացություններ է անում իր ուսումնասիրությունների հիման վրա, որոնց ընթացքում բացահայտվել է, որ եթե մարդու առջև քնելուց  առաջ որոշակի խնդիր դնեն, ապա արթնությունից հետո նա ավելի արագ  է լուծում նրանց համեմատ, ում պարզապես առաջարկել են այն լուծել:

     Մարկ Բլեչներն առաջարկել է մտքերի բնական ընտրության տեսությունը: Ըստ նրա՝ երազները պատահական պատկերների հոսք են, որոնցից որոշները ուղեղն ընտրում և պահպանում է, որպեսզի օգտագործի հետագայում: Երազները կազմված են զգացմունքների, հույզերի, մտքերի և որոշ այլ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների բազմաթիվ տարբերակներից, որոնց որոշ մասն անցնում է յուրատիպ բնական ընտրություն և ընկնում է պահպանման հիշողության մեջ: Հոգեբան Ռիչարդ Կոուտսն իր հերթին վստահ է, որ երազում ուղեղը մոդելավորում է տարբեր իրադրություններ, որպեսզի ընտրի առավել հարմար հուզական ռեակցիաները: Հենց այդ պատճառով առավոտյան մարդիկ սովորաբար չեն անհանգստանում տագնապային և սարսափելի  պատմությունների առիթով, որոնք տեսել են երազում, ուղեղը հնարավորություն է տալիս հասկանալ, որ այդպիսով նա ընդամենը «փորձարկում է»:

       Ըստ երազատեսության ժամանակակից տեսության հեղինակ, երազների բնույթի ուսումնասիրող, հոգեբույժ Էռնեստ Հարթմանի՝ երազը նեգատիվ ապրումների հարթեցում է սիմվոլային զուգորդումների միջոցով: Այս տեսության կողմնակիցները համոզված են, որ երազը պատահական պատկերների հոսք կամ տարբեր հուզական ռեակցիաների իմիտացիա չէ, այլ ավելի շուտ թերապևտիկ սեանս է: Է. Հարթմանը գրում է. «Եթե մարդու մոտ գերակայում է ինչ-որ վառ հույզ, նրա երազներն առանձնանում են պարզությամբ»: Երազում մարդը տեսնում է ոչ թե կոնկրետ իրադարձություն, այլ միատեսակ բարդ հույզ, օրինակ՝ վախ: Եթե քնած մարդուն անհանգստացնում են միանգամից մի քանի բաներ, ապա նրա երազները կունենան ավելի բարդ կառուցվածք: Որքան բարձր է մարդու հուզական դյուրագրգռվածությունը, այնքան վառ կլինեն երազները, որ նա կտեսնի: Հարթմանը ենթադրում է, որ երազը էվոլյուցիոն մեխանիզմ է, որի միջոցով ուղեղը հարթեցնում է հոգեբանական տրավմաների բացասական հետևանքները՝ մարդուն դրանք ներկայացնելով երազում ինչ-որ սիմվոլների և զուգորդային պատկերների տեսքով:

        Ըստ էության, երազատեսության այս բոլոր տեսակետները չեն բացառում իրար: Յուրաքանչյուր տեսակետ կամ մոտեցում երազների գործառույթ է առանձնացնում՝ ելնելով հարցի ուսումնասիրության մեթոդաբանական տարբեր դիրքերից և  շրջանակներից:

Նյութը պատրաստել է հոգ. գիտ. թեկնածու  Աննա Առաքելյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (06.08.2016)
Դիտումներ: 2243 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar