Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեկան խանգարումներ

Իզաբել Կարոյի հիվանդությունն ու խորհուրդը բոլոր աղջիկներին: Անորեքսիա

2007 թվականին հագուստի վաճառքով զբաղվող իտալական ընկերություններից մեկը՝ Nolita-ն, լուսանկարիչ Օլիվիերո Տոսկանիի հետ համատեղ մի ֆոտոսեսիա կազմակերպեց « Ոչ անորեքսիային» խորագրով: Ֆոտոսեսիայի գլխավոր հերոսուհին ֆրանսիացի մոդել  Իզաբել  Կարոն էր, ով համաձայնվել էր մասնակցել նկարահանումներին միայն այն պատճառով, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նիհարել՝ մոդելի կառուցվածք ունենալու նպատակով՝ հրաժարվեն իրենց մտադրությունից: Այդ ժամանակ Իտալիայում շուրջ 2մլն մարդ տառապում էր անորեքսիայով, իսկ Կարոն, ով  23 տարեկան էր, 25 կիլոգրամ էր կշռում 165 սմ հասակի դեպքում:

 

 

Իզաբելի հիվանդությունը, սակայն, մոդել դառնալու ցանկությամբ չէր պայմանավորված, խնդիրը շատ ավելի բարդ էր: Փոքր հասակում աղջկա հայրը աշխատանքի բերումով անընդհատ բացակայում էր տնից, իսկ մոր մոտ դրա պատճառով նևրոզ էր առաջացել, նա ուներ տարբեր վախեր: Եվ հատկապես վախենում էր, որ Իզաբելը կարող է մեծանալ և թողնել իրեն, ինչի պատճառով ինքը միայնակ կմնար: Մայրը Իզաբելին անգամ տնից դուրս չէր թողնում՝ կարծելով, որ մաքուր օդը կարող է նպաստել երեխայի աճին: Իզաբելը մորը շատ էր սիրում և չցանկանլով տխրեցնել նրան, շուտով սկսում է ընդհանրապես սնունդ չօգտագործել օրական մեկից երկու կտոր շոկոլադով բավարարվելով:

13 տարեկանում նրան տեղափոխեցին հիվանդանոց: Որից հետո նա հրատարակեց իր առաջին գիրքը՝ « Աղջիկը, որը չէր ցանկանում մեծանալ» վերնագրով, որտեղ պատմում էր իր կյանքի և անորեքսիայով հիվանդալու մասին: Կարոն անգամ իր դեմքին պեպենների տեսքով դաջվածք էր արել, որը ըստ նրա, կկենտրոնացներ մարդկանց ուշադրություն իր կապույտ աչքերի և ոչ թե նիհար դեմքի վրա: 2010 թվականին 27 տարեկան հասակում Իզաբելը մահանում է...իր ուղերձը թողնելով բոլոր աղջիկներին «Ես երբեք չեմ կարողանա ունենալ երկար մազեր, ես կորցրել եմ բոլոր ատամներս ...ախորժակի բացակայությունը լուրջ հիվանդություն է և ոչ թե կենսակերպ: Երբեք մի գնացեք այդ ուղով»:

Անորեքսիա թարգմանաբար նշանակում է առանց ախորժակի, այն իրենից սննդի ընդունման խանգարում է ներկայացնում, որը դրսևորվում է մարմնի քաշի կտրուկ կորստով: անորեքսիայով հատկապես հիվանդանում են աղջիկները, ամեն ինչ սկսվում է նիհարելու ցանկությունից: Անորեքսիայի դեպքում սովորաբար հիվանդները ունենում են գիրանալու վախ, սեփական մարմնի ընկալման խանգարումներ: Անորեքսիայով հիվանդների շուրջ 80 տոկոսը 12-26 տարեկան աղջիկներ են: Անորեքսիայի պատճառները կարող են լինել ինչպես ժառանգական բնույթի, այնպես էլ հոգեբանկանական:

Կատեգորիա: Հոգեկան խանգարումներ | Ավելացրեց: khudoyanani (21.08.2017)
Դիտումներ: 1194 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar