Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Նրանց տեսակը «անմահ» է, գուցե նրանք չեն սնվում մարդկային արյունով, թևեր չունեն, չեն վախենում լույսերից, բայց նրանք գոյություն ունեն։ Գուցե նրանք գիշերները քնում, հանգստանում,սովորում ու ապրում են մեր կողքին։ Սեպտեմբեր ամիսն էր, ամենուրեք խոսում էին քաղաքական ինչ-որ ընտրությունների մասին, ու մեր լսարանն էլ բացառություն չէր։ Մասնագիտական առարկայի ժամ էր, որի շրջանակներում խոսում էինք հասարակության սոցիալական պատասխանատվության մասին, ու հանկարծ դասախոսն ասաց: Կառավարության ներկայացուցիչները վամպիրներ են։ Ի՞նչ է, դուք կարծում եք, թե վապիրները դարեր առաջ անհետացե՞լ են՝ բնավ ոչ։ Նրանք մեր կողիքն են։ Նրանք «հոգեբանական վամպիրներ» են։ Ու հետո, անկեղծ ասած, չեմ հիշում` ինչ ավարտ ունեցավ դասախոսությունը, բայց հոգեբանական վամպիրիզմի թեման հետաքրքրեց ինձ։ Ու հենց նույն օրը երեկոյան ես սկսեցի որոնել։ Որոնման արդյուքնում գտա 2008թ-ին հրապարակված Միքայել Լիտվակի «Հոգեբանական վամպիրիզմ» գիրքը, որով էլ կուզեմ կիսվել ընթերցողի հետ։ Ու պարզվեց ի՞նչ` «Հոգեբանական վամպիրիզմը ուղղակի մետաֆորա է, որն օգնում է հասկանալ «գործի» բնույթը։ Գիրքն, առհասարակ նվիրված է միջանձնային փոխհարաբերությունների, անկեղծ հարաբերություններ ստեղծելու պրոբլեմին և հանդիսանում է հեղինակի այցելուների դեպքերի հիման վրա գեղարվեստական մոտեցմամբ հետաքրքիր աշխատանք, որում ներկայացվում է նաև ընտանեկան փոխհարաբերությունների հոգեշտկման և հոգեպրակտիկ աշխատանքի բովանդակություն»։ Գիրքը բաղկացած է 5 գլուխներից, որից մեզ հետաքրքրում է հատկապես 3-րդը, որում էլ ներկայացվում է հոգեբանական վամպիրիզմի դրսևորումները։ Այստեղ կփորձենք ներկայացնել դրանցից որոշների համառոտ բովանդակությունը, սակայն միանշանակ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ գրքին ամբողջությամբ։ Լիտվակը առանձնացնում է հոգեբանական վամպիրզմի հետևյալ դրսևորումները: 1. «Անօգնական անձ»։ Նա պատմում է իր խնդիրների մասին բոլորին, և դոնորները (խորհրդատուները) ամեն կերպ ցանկանում են օգնել նրան։ Բայց որքան խելացի լուծումներ առաջարկվեն, նա, միևնույն է, չի համաձայնվում։ Արդյուքնում խնդիրն իհարկե չի լուծվում, դոնորները հոգեպես և ֆիզիկապես հոգնածություն են ապրում, իսկ «վամպիրը» գոհ է․ շարունակում է փնտրել նոր «խորհրդատուներ»։ 2․«Հոգատար մայր»։ Նրա բոլոր հետաքրքրությունները, ողջ կյանքը նվիրված է իր երեխաներին։ Դեռ մանկուց նա կիրառում է «պարտավոր է, չի կարելի» տերմինները։ Երեխաների կարծիքը, սակայն, երբեք հաշվի չի առնում։ Հաճախ նրա երեխաները հիվանդանում են․ նա տանում է նրանց բազմաթիվ բժիշկների մոտ, և եթե նրանցից որևէ մեկն իրոք փորձում է «բուժել», Հոգատար մայր-ը հրաժարվում է։ Նրա կարգախոսն է՝ «Ես կանեմ ամեն բան, որ դուք երջանիկ լինեք, բայց մի պայմանով, որ դուք մնաք դժբախտ»։ 3․«Հավերժ արքայազն»։ Ուսուցիչների սիրելին, որը միշտ փոխում է ընկերների իր շրջանակը։ Սակայն նրա ոչ մի հետաքրքրություն չի դառնում կյանքի գործ, և 35 տարեկան հասակում այդպես էլ նա ոչնչի չի հասնում։ Արտաքնապես հանգիստ է, սակայն ներքուստ դժգոհ է իր կյանքից և դրա համար մեղադրում է իր հարազատներին, կնոջը, բոլորին՝ բացի սեփական անձից։ 4․«Կապույտ մորուք»։ Այս անձը կազմում է օրենքների, կանոնների խումբ և պարտադրում մյուներին անպայմանորեն դրանք իրականացնել։ Նսեմացնում է, վիճում նրանց հետ, ովքեր կհամարձակվեն փոքր-ինչ խախտել այդ օրենքները, սակայն ինքը երբեք ու երբեք չի ենթարկվում այդ օրենքներին և կանոններին։ 5․«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»։ Նա կարծում և մտածում է, որ բոլորն իրեն արդեն իսկ պարտական են նրան համար, որ նա գոյություն ունի։ Չգիտի, թե ինչ է նշանակում շնորհակալ լինել։ Այլ մարդկանց ծառայությունները թերագնահատում է, իսկ իր կողմից արվածները՝ գերագնահատում։ 6․«Սպիտակաձյունիկ»։ Օգնության է հասնում այնտեղ, որտեղ նրան չեն էլ սպասում։ Ընտանիքը նրա տիեզերքի կենտրոնն է, որին նա միշտ ծառայում է։ Եվ հենց այդ պատճառով էլ նա անընդհատ կրկնում է․ «Ես ողջ կյանքս Ձեզ եմ նվիրել, իսկ դու՞ք»։ 7․«Գործնական տանջվողը» կամ «Ոսկե մարդ»։ Աշխատասեր, խելացի, տաղանդավոր։ Սակայն նա երբեք որևէ բարձունքի չի հասնում, քանզի իր ոլորտում չի աշխատում։ Չի փոխում ոչ սիրելի աշխատանքը, քանի որ դա համարում է հուսալի։ Սակայն հասունանալու հետ մեկտեղ վամպիրիզմը դրսևորվում է, և հասկանալով, որ ոչնչի չի հասել, նա «ստիպում» է մյուսներին մնալ իր կողքին։ Հուսով եմ՝ համոզվեցինք․ նրանք գոյություն ունեն․․ Եթե ընթերցողին հետաքրքրեց հոգեբանական վամպիրզիմի այս դրսևորումների համառոտ բովանդակությունը, ապա ես խորհուրդ կտայի ծանոթանալ դրանց առավել մանրամասն նկարագրությանը, բովանդակությանը, և հատկապես այն հմտություններին, որոնք անհրաժեշտ է «հոգեբանական վամպիրների» հետ շփման համար։ Միշա Թադևոսյան Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ Սոցիալական մանկավարժություն 4-րդ կուրս | |
Դիտումներ: 916 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |