Հոգեբանության մեջ երազը հաճախ դիտարկվում է որպես մարդու հոգեկանին բնորոշ յուրօրինակ մի հատկություն, որի դրսևորման պատճառների հիմքում տարբեր գիտնականներ տարբեր գործոններ են տեսնում: Ֆրանսիացի հետազոտողներ Ռոբերտ Լեժանդրը և Անրի Պյերոնը երազի դրսևորումը հիմնավորում են օրվա ընթացքում արյան մեջ հիպոտոքսինի կուտակմամբ: Ֆրոյդյան հոգեբանության կողմնակիցները երազների դրսևորման հիմքում տեսնում են խորը հոգեբանական պատճառներ և գտնում են, որ երազները մարդու էությունը, նրա հոգեբանական առանձնահատկությունները և ապրումները հասկանալու մատչելի ուղի են: Իսկ ի՞նչ է երազը: Այստեղ, թերևս, կարելի է մեջբերել հայտնի ֆիզիոլոգ Իվան Սեչենովի այն տեսակետը, ըստ որի, «երազը իրական տպավորությունների անիրական համադրությունն է»:
Դարեր շարունակ երազատեսությունը, որպես մարդկային գիտակցության ֆենոմեն, հետաքրքրել է շատերին և եղել է մի ժամանակաշրջան, երբ մարդիկ կարծել են, որ երազ կարող են տեսնել միայն իմաստունները: Իրականում երազներ տեսնում են բոլորը, սակայն քչերն են կարողանում դրանք հետագայում հիշել և առավել ևս վերարտադրել: Կան մարդիկ, ովքեր ոչ մի նշանակություն չեն տալիս իրենց երազներին, նրանց համար առավել կարևոր է քունը, որպես լիցքաթափվելու հիանալի միջոց (խնդիրը նրանում է, որ քնի ժամանակ սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, ավելի քիչ քանակությամբ է արտադրվում, քան արթմնի վիճակում): Սակայն կան նաև մարդիկ, ովքեր ոչ միայն հավատում, այլ նաև ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան արթնանալուն պես վերհիշել իրենց երազները: Այսպես, անկանխատեսելի արարքների մեծն վարպետ, սյուրռեալիզմի հիմնադիր Ս. Դալին, ամեն անգամ իր ճոճաթոռին նստելիս՝ ոտքերի տակ երկաթյա մի սկուտեղ էր դնում, իսկ մատների արանքում մի գդալ, որպեսզի այն ժամանակ, երբ քունը պարուրեր վերջինիս, գդալն ընկներ, և նա արթնանար: Դա հնարավորություն կտար միաժամանակ և’ վերհիշել երազը, և’ կարճ ժամանակահատվածում լիցքաթափվել: Երազատեսության ֆենոմենը տարբեր մասնագետների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում. առավել տարածված է տեսակետը, որ երազները արտաքին գործոնների ազդեցության արդյունք են: Հաճելի օծանելիքի բույրը կարող է նպաստել երազում ծաղիկներ տեսնելուն, ջրի կաթիլը՝ անձրև տեսնելուն և այլն: Սակայն կա նաև հակադարձ տեսակետը, ըստ որի, երազները մեր ուղեղի ակտիվ աշխատանքի արդյունք են: Այս բնագավառում հայտնի ուսումնասիրողներ Դ. Լեմանը և Մ. Կուկկուն գտնում են, որ երազները մանկության շրջանում ունեցած անձի փորձի և ներկայում ունեցած ապրումների համադրության արդյունք են: Իսկ արդյոք պե՞տք են մեզ այդ երազները, ի՞նչ են տալիս դրանք մեզ: Հավանաբար Ֆրոյդի այն տեսակետի հետ, որ ամենալավ քունը առանց երազների քունն է, չէին համաձայնվի բոլոր այն մարդիկ, ում բախտ է վիճակվել տեսնել գուշակող, կանխատեսող երազներ, որոնք օգնել են լուծել կյանքում անլուծելի թվացող բազում խնդիրներ կամ օգնել են խուսափել սպասվող վտանգից, այնպես, ինչպես խոսվում է նման երևույթների մասին Աստվածաշնչում: Հռոմի կայսր Օգոստիանոսի ընկերը երազում տեսել էր, որ գիշերը թշնամիները սպանելու են վերջինիս, նա երազը պատմում է կայսրին, և Օգոստիանոսը, լինելով մեկը, ով երազներին մեծ կարևորություն էր տալիս, գիշերում է ընկերոջ տանը, առավոտյան պարզվում է, որ մարդասպանն այդ գիշեր իրոք ներխուժել էր կայսրի ննջասենյակ: Նապոլեոն Բոնապարտն իր երազում տեսել է մի կնոջ, ով ծայրահեղ ծանր վիճակում մոտեցել է իրեն՝ օգնություն ստանալու ակնկալիքով, Նապոլեոնը օգնել էր կնոջը և փոխարենը ստացել մի մատանի: Հետագայում նա հասկացավ, որ երազում տեսած կինը ֆրանսիան էր, իսկ մատանին՝ հաջողության և ինքնիշխանության խորհրդանիշը: Բժիշկ Վ. Դորոխովը, մեկնաբանելով գուշակող երազների հիմքում ընկած մեխանիզմները, մասնավորապես նշում է, որ օրվա ընթացքում կուտակված ինֆորմացիայի մեզ համար ոչ այդքան նշանակալի հատվածը սովորաբար քնի վիճակում գիտակցության կողմից սկսում է վերամշակվել, արդյունքում, վերամշակված ինֆորմացիան միանալով մեր ինտուիցիային, թույլ է տալիս անել անհավանական կանխատեսումներ: Գուշակող երազների գոյությունը յուրովի են մեկնաբանում շամանները, նրանք գտնում են, որ մեզ օրվա ընթացքում անընդհատ նախազգուշացնող ազդանշաններ են հաղորդվում, որոնք կարող են տեղեկացնել մոտալուտ անհաջողության, հիվանդության, տարբեր երևույթների մասին, եթե մենք այդ ազդանշանները չենք կարողանում որսալ, դրանք հայտնվում են մեր երազներում, իսկ առավոտյան ինտուիտիվ զգացողություն է ձևավորվում հաճախ ներքին ձայնի միջնորդությամբ: Դրական բովանդակությամբ գուշակող երազներն իհարկե ցանկալի են, սակայն երբեմն շատ հաճախ մենք տեսնում ենք բացասական բովանդակությամբ երազներ, որոնցից վախենալ պետք չէ, քանի որ մեծ մասամբ նման երազները մեր վախի արդյունքն են: Այնուամենայնիվ, շատ հոգեբաններ գտնում են, որ յուրաքանչյուր երազ իր մեջ որոշակի ինֆորմացիա է պարունակում, կարելի է պարզապես հետևել դրանց և միգուցե դրանք օգնեն մեզ գտնել այն, ինչ փնտրում ենք կյանքում:
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
Աղբյուրը՝ www.diplomat.am
|