Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Երկար խոսելու և կարճ լսելու մարդկային թուլությունը
Որքա՞ն հաճախ եք օրվա ընթացքում արտաբերում <<այո >> բառը իրականում չլսելով , թե զրուցակիցը մինչ այդ ինչ էր ձեզ ասում: Հավանաբար հաճախ, և եթե անգամ չցանկանաք դա խոստովանել, դա իրոք այդպես է, նույնիսկ այն դեպքում, երբ դուք ի սրտե ցանկանում եք լսել ձեր ընկերոջը կամ պարզապես անծանոթին, ժամանակ առ ժամանակ ձեր ուղեղը կարծես <<արգելակվում>> է, և թեպետ արտաքինից թվում է, թե դուք բավական ուշադիր եք, սակայն իրականում… և որքան տհաճ է գիտակցելը, որ նույնը տեղի է ունենում նաև այն դեպքում, երբ մենք ինքներս ենք խոսում: Այս իրողությունից խուսափելու մի լավ տարբերակ է առաջարկում ամերիկացի հոգեբան Դեյվիդ Մայերսը, ասելով, որ մարդիկ լսում և հետագայում հիշում են միայն այն , ինչ իրենց է վերաբերվում, և եթե ցանկանում եք, որ ձեզ իրոք լսեն, խոսելու ընթացքում պարբերաբար արտաբերեք զրուցակցի անունը, կամ պարզապես խոսեք այն մասին , թե որքան կարևոր է այդ ինֆորմացիան հենց իր համար: Եվ այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ մենք հաճախ լսում, բայց չենք հասկանում, որ ինչպես ցույց են տալիս հոգեբանական հետազոտոթյունների արդյունքները, տարբեր երկրներում ամանորյա գիշերը բնակչության 70%-ից ավելին սովորաբար լսում է տվյալ երկրի նախագահի ելույթը, սակայն շատ քչերն են հետագայում կարողանում ասել, թե ինչի մասին էր այն: Երևույթի բացատրման մի քանի տարբերակներ գոյություն ունեն. առաջին հերթին իհարկե հոգնածության, ինչպես նաև տխրության, հիասթափության զգացողության գործոններն են, որոնք պարզապես թույլ չեն տալիս ուշադրությունը կենտրոնացնելու զրուցակցի և առավել ևս նրա խոսքի վրա՝ սեփական խնդիրներով մտազբաղությունը հանդես է գալիս որպես խոչընդոտ տվյալ դեպքում: Եվ եթե սա ինչ որ տեղ ընդունելի է, ապա ինչպես կարելի է մեկնաբանել այն դեպքերը, երբ մենք չենք լսում զրուցակցին , որովհետև ավելի կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչ պիտի ասենք ինքներս, օրինակ այն պարագայում, երբ դուք հանդիպել եք ձեր վաղեմի ընկերոջը, որի հետ պիտի կիսվեք տարիների ընթացքում կուտակված նորություններով, լինում են դեպքեր, երբ պարզապես չեք լսում , որովհետև մտովի շարադրում եք այն նորությունների հերթականությունը, որը դուք պիտի շուտով ասեք վերջինիս խոսքի ավարտից հետո և սեփական խոսքի վրա կենտրոնացվածությունն այնքան ուժեղ է լինում, որ անգամ չհամբերելով ընդհատում եք նրան: Հետաքրքիր է նաև այն, որ նույնիսկ այն դեպքերում , երբ մարդիկ նպատակադրված կերպով լսում էին զրուցակցին, լինում էր այնպես, որ վերջինիս կողմից արտաբերված մեկ բառը կարող էր հիշողությունների, ապրումների, տպավորությունների, ինչու չէ նաև առաջիկա նպատակների իրականացման ծրագրերի մի ամբողջ շարան առաջ բերել դիմացինի մոտ և կրկին անգամ ակտիվանում էր լսելու , սակայն չըմբռնելու գործընթացը: Եվ որ ամենավտանգավորն է , որպես կանոն մարդիկ հակված չեն լսելու դիմացինին հենց ճգնաժամային շրջաններում, այնինչ լսելը մարդկային ամենակարևոր ունակություններից մեկն է, քանի որ <<Ուշադիր լսել զրուցակցին նշանակում է նախապատրաստել նրան, ուշադիր լսելու ձեզ և արդեն իսկ դրականորեն նախատրամադրվելու ձեր փաստարկների հանդեպ>>: Իսկապես. կլսե՞ք արդյոք այն մարդուն, ով խոսելու ընթացքում չէր լսում ձեզ, եթե ոչ, ապա սովորենք լսել:
| |
Դիտումներ: 645 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |