Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

“ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌԻ” ԵՎ “ԵՐԵՔ 10-Ի” ԲՈՒԺԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՈՒՆԸ

Ժամանակի ընթացքում ամեն ինչ ենթարկվում է փոփոխության: Զուր չէր ասում հույն փիլիսոփա Հերակլիտեսը, որ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի: Հետագայում այս գաղափարը ոչ միայն ընդունվում, այլ նաև որոշակիորեն լրացվում է Պերիկլիդեսի կողմից՝ "Փոխվում է ոչ միայն աշխարհը, փոխվում է նաև մարդը, փոխվում են նրա պատկերացումները, կարծիքները”: 


Այսօր արդեն այս մոտեցման հիման վրա ձևակերպվել է երեք 10-ի սկզբունքը: Այն հնարավորություն է տալիս լուծում տալ անգամ ամենաբարդ թվացող խնդիրներին, ազատվել ներքին լարվածությունից, հուսահատությունից, անորոշությունից: Անշուշտ մարդիկ ունեն խնդիրներից ազատվելու կամ դրանց լուծում տալու իրենց տարբերակը, ինչպես շատերի համար քնելը կամ խանութներով շրջելը ՝ որպես հոգեբանական խնդիրների դեմ բուժիչ դեղամիջոց: Սակայն այս սկզբունքի կիրառման դեպքում ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Եթե քնի միջոցով հնարավոր է պարզապես "վերանալ” գոյություն ունեցող իրականությունից, չհիշել կամ մոռանալ այն միտքը, որը շարունակաբար հանգիստ չի տալիս, ապա երեք 10-ի սկզբունքի կիրառման դեպքում պարզապես պետք է անձն ինքն իրեն տա հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս կվերաբերվեմ ես այս խնդրին 10 ժամ անց, 10 ամիս անց և 10 տարի անց : 


Նրանք, ովքեր հուսահատված են, ովքեր հապաղում են որոշման ընդունման հարցում և այլն, վստահաբար կգտնեն լուծումներ, քանի որ այս հարցերը կօգնեն նրանց հասկանալ, որ այդօրինակ բոլոր խնդիրները, միևնույն է, որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց նշանակութունը և արժե՞ արդյոք տանջվել դրանց համար հիմա: Իսկ եթե, այդուհանդերձ, խնդիրը կապված է այլ մարդկանց հետ, որոնց հետ կիսվելու, նրանց որևէ բան ասելու կամ խոստովանելու միտքը ձեզ հանգիստ չի տալիս, պարզապես կիրառեք դատարկ աթոռի տեխնիկան. մի աթոռ եք դնում ձեր առջև և պատկերացնում, որ որևէ մեկը, ում դուք ասելու բան ունեք, նստած է այդ աթոռին: Ասե՛ք նրան, ինչ ցանկանում եք, հարցեր տվե՛ք և փորձե՛ք լսել պատասխանները՝ վստահ լինելով, որ այդ կերպ կունենաք թեթևության, հանգստության զգացողություն: 

Պարզապես հիշել է պետք, որ ամեն բան ենթարկվում է փոփոխության և ամենաանլուծելի թվացող խնդիրներն անգամ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ուժն ու նշանակությունը: 

Հեղինակ՝ Անի Խուդոյան՛

 

Աղբյուրը՝  www.diplomat.am

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (11.08.2016)
Դիտումներ: 824 | - Վարկանիշ -: 5.0/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar