Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները: Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը: Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել: Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից: Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում: Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:
Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան: Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները: Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Ալեքսանյանը | |
Դիտումներ: 1792 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |