Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ԱՊՐԵԼ ԱՆՑՅԱԼՈՎ

 

               Փորձե՞լ  եք  առաջ  քայլել՝ հետ նայելով կամ քայլել հետ ՝ նայելով միայն առաջ:

Ինչ խոսք, եթե կյանքը ճանապարհ է, իսկ մարդն անցորդ, ապա նա այդ ամբողջ ճանապարհը անցնում է քայլելով ետ-ետ՝ երբեք չտեսնելով, թե ինչ կա  հաջորդ քայլին ու միշտ հիշելով այն ամենը, ինչ անցնում է իր կողքով: Մյուս կողմից, կան  շատ մարդիկ, որոնք  ներկայով  են   ապրում,   սակայն   ոչ   մի   կերպ  չեն  կարողանում  մի   կողմ  դնել  անցյալի  հիշողությունները   և  տեսնել    ներկայի   գունավոր  կողմերը: Այդ մարդիկ   ապրում  են  անցյալի՝  իրենց   ստեղծած   փոքրիկ   աշխարհում :

Անցյալը հիշելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում:   Հարցն  այն  է, թե  ինչում է կայանում  մտքերով  անցյալ վերադառնալու անհրաժեշտությունը,  ինչ  խորհրդավոր  բան կա  անցյալում,  որ  գրավում  է, տանում իր խորը անկյունները և կուլ տալիս մարդկային բանականությունը: Այս  հարցերը  ինձ  միշտ  անհանգստացրել  են :

Մենք, որպես կանոն, միշտ վերհիշում ենք  կյանքի  դրական  և  բացասական   իրադարձությունները:  Զարմանալի  չէ,  քանի-որ   այդ  իրադարձությունները  հղի  են  բուռն  էմոցիաներով:

Կա  կարծիք,  որ  շատ  հաճախ  մեր  գլխում  հայտնվում  են  բացասական մտքեր  անցյալից,  որոնք  պայմանավորված  են  ուժեղ ապրումներով, զգացումներվ  և  հոգու ցավով:

Այս  ապրումները  կարող  են  փոխանցվել կյանքի այլ ասպեկտներին  և  կարող  են խոչընդոտ հանդիսանալ   մարդկային  փոխհարաբերությունների համար :

Մոռանալ անցյալը,  պարադոքսի պես է հնչում: Ասում են՝ մի բանը մոռանալու համար նախ պետք է այն հիշել: Անցյալը մոռանալու հնարավոր է՝  միայն  հիշելով  այն, ապրելով այն,  ավարտելով  ինչ   ուզում   ենք:

Ճիշտ ինչպես   բայերն    ունեն   ներկա,  անցյալ   և  ապառնի  ժամանակներ, այնպես  էլ  մեր  կյանքում  են առկա   այս   երեք  պատուհանները:

Հենց  այս   վայրկյանը   մեկ   վայրկյան   հետո   կգրվի անցյալի էջերին,  (ինչ   հետաքրքի  է  չէ՞):

Սա նշանակում  է ,  որ   անցյալը,  ներկան  և  գալիքը   ապրում են մեկը մյուսի գրպանում:

Մտավոր  վերադարձ  անցյալին՝  բառացիորեն  նշանակում  է   մարդու չգիտակցված  հակվածությունը  դեպի   անցյալ  և   մղումն ավարտելու  անցյալում կիսատ թողած  իրավիճակները:

Երբեմն   տխուր  եմ  լինում ու  փորձում  եմ   հիշել  անցյալում   պատահած  որևէ   ուրախ դեպք,  որն իր    ջերմ   հիշողություններով  տրամադրությունս կբարձրացնի:   Այս     կերպ  փորձում   եմ   անցյալից    օգուտ    քաղել,    սակայն   կան   մարդիկ ,   ովքեր  ամեն վայրկյան  ապրում  են  անցյալի   բացասական  հիշողություններով:

Երբեմն  անում  ենք  քայլեր,  որոնց  համար  հետագայում  մեզ  մեղադրում ենք  կամ   վախենում  ենք  հետադարձ  հայացք   գցել   անցյալին՝  մեզ մեղավոր  համարելով  որևէ դեպքի համար:

Սակայն  պետք է   գիտակցել,  որ  մարդիկ  կատարյալ  չեն:    

Անցյալը  պետք  է կյանքի  գիրք  լինի,  թերթելով  այն  պետք  է   հմտանանք,  սովորենք   նորը:

Կյանքի     ուղեցույց  է    հետևյալ    արտահայտությունը, « Հիշիր    անցյալը ,  ապրիր  ներկայով, մտածիր  ապագայի   մասին»: 

Անցյալը  ներկա  չպետք  է   դարձնել ու չպետք է ապրել ներկան՝ ձգտելով այն վայրկյան առաջ վերածել անցյալի… 

Կարծում եմ,   որ  իրականում    անցյալը    մոռանալն   անհնար  է,   միայն  հնարավոր  է  հնարավորինս կրճատել    էմոցիանների    ինտենսիվությունը: 

Հիշելով    անցյալը   կարելի  է  օգտակար  հետևություններ  անել  և  հասկանալ, թե   ինչ  է  մեզ պետք   և  ինչը  պետք   չէ :

Հիշողությունները    մեր    անձնական   գրադարանի  գրքերն  են,  որոնք  պարբերաբար  կարելի  է   աչքի անցկացնել:

Անցյալը  մեզ  օգնում  է ,  որ  ճիշտ    կառուցենք  մեր    ներկան:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթությքն հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի մագիստրոս Ուլյանա Բաբայանը

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (17.08.2016)
Դիտումներ: 680 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar