Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ՓԱԽՉՈՂ ՄԱՐԴՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՓԱԽՉՈՂ ՄԱՐԴՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ

 

  Մետրոյով հաճախակի երթևեկողները անշուշտ կփաստեն, որ հաճախ են ականատես լինում այնպիսի իրավիճակի, երբ  շարաժասանդուղքը իջնում կամ բարձրանում է, իսկ մարդիկ շարունակում են այդ ընթացքում քայլել:  Հավանաբար նրանք շտապում են, շտապում են անգամ այն դեպքում,  երբ չեն ուշանում… թվում է, թե անհասկանալի մի բան կա այս ամենի մեջ: Իրականում մարդիկ սիրում են անընդհատ «վազել», քանի որ ամեն կերպ ձգտում են զբաղված լինել, հաճախ որպեսզի «ազատվեն» իրենք իրենցից: Այս համընդհանուր շարժման մեջ կանգ առնելը կնշանակի գնալ դեպի ինքնավերլուծություն,  գնալ տարբեր տարիքային փուլերում շարունակ տանջող մտքերի(ով եմ ես, ինչու եմ ապրում,որն է կյանքիս իմաստը) ետևից: Շատերը փախչում են այս հարցերին պատասխան չտալու պատճառով, իսկ մեծամասնությունը փախչում է իր խնդիրներից: Նման մարդկանց համար  սա փրկարար փախուստ է, այս ամենը  հստակ գիտակցում են նաև նրանք, ովքեր դիմում են այս քայլին:  Առաջին  հայացքից թվում է,  թե տվյալ մարդը խիստ զբաղված է,  անընդհատ շտապում է,  ուշանում, հետո հասկանում ես, որ նա ինքն է ընտրել այդ ապրելաոճը, որպեսզի ազատվի, չմտածի այն ամենի մասին, ինչ  ինքը չի կարողանում վերահսկել:  Հետաքրքիր է, երբ չես ուշանում, սակայն շտապում ես, և երբ վերջապես հասնում ես այն վայրը, որտեղ շտապում էիր, տպավորություն է ստեղծվում, ինչու չէ նաև զգացողություն, որ դու կարողանում ես կառավարել ԿՅԱՆՔը:  <<Փախչող մարդու>> սինդրոմի ետևում, սակայն, միայն սեփական մտքերից, և խնդիրներից փախուստի գործոնները չեն ընկած: Կան մարդիկ, որոնք անընդհատ շտապում են ուշադրության արժանանալու նպատակով: Իսկ ամենածայրահեղ դեպքերը գրանցվում են այն դեպքում, երբ այս ամենը արվում է խղճահարության արժանանալու նպատակով:   Շտապողականության և փախչող մարդու գաղափարներին  միայն բացասական որակումներ տալն էլ անշուշտ սխալ մոտեցման արդյունք կլինի: Պարզապես պետք է ամեն դեպքում խուսափել չհիմնավորված շտապողականությունից, իսկ այն դեպքում, երբ այն իրապես արդարացված  է, կարելի է պարզապես  օրվա ընթացքում մի քանի րոպե տրամադրել սեփական անձին՝ ինքնավերլուծության համար: Դա կարելի  է անել հետևյալ վարժության օգնությամբ՝  վերցնում եք  լուցկու տուփ, հատիկ առ հատիկ հանում լուցկիները և դասավորում հորիզոնական ուղղությամբ, հանելու ընթացքում փորձում եք կենտրոնանալ ձեր զգացմունքների  և մտքերի, ինչու չէ նաև անլուծելի թվացող խնդիրների վրա, որոնց պատճառով էլ փորձում եք արհեստական զբաղվածություն ստեղծելու միջոցով փախչել իրականությունից: Օրվա ընթացքում  տաս րոպե տրամադրելով նման վարժությունների՝ դուք կհաստակեցնեք ձեր ցանկությունները, խնդիրներին տրվող հնարավոր լուծումները ինքներդ ձեզ համար և փախուստի անհրաժեշտություն էլ  չի լինի:

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝ www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 654 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar