Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Նևրոզներ

                                           Նևրոզներ

Նևրոզները հոգեկան ապրումներով պայմանավորված և համեմատաբար բարորակ ընթացող հիվանդություններ են, հիմքում ունենալով բարձրագույն նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում: «Նևրոզ» տերմինը առաջին անգամ օգտագործել է Կելենը 1776թ.՝ այդ անվամբ բնորոշելով նյարդային համակարգի խանգարմամբ պայմանավորված հիվանդությունները: Պավլովը գտնում էր, որ նևրոզի ախտաֆիզիոլոգիական հիմքը նյարդային հիմնական պրոցեսների (դրդման և արգելակման) գերլարման հետևանքով առաջացած բախումն է:

Նևրոզների առաջացման պատճառների շարքին են դասվում.

  • հոգեկան երկարատև բացասական ապրումները,
  • գերհոգնածությունը,
  • երկարատև անքնությունը,
  • քրոնիկական հիվանդությունները,
  • հարբեցողությունը,
  • թմրամոլությունը,
  • ֆիզիկական հյուծվածությունը և այլն:

Նևրոզի առաջացումը հատկապես հեշտանում է այն դեպքում, երբ փսիխոգեն և սոմատոգեն գործոնները միատեղ են հանդես գալիս: Այդ գործում որոշակի դեր են խաղում բարձրագույն նյարդային գործունեության տիպային առանձնահատկությունները: Եթե թույլ տիպերի մոտ նևրոզը կարող է առաջանալ ոչ այնքան դժվարին իրավիճակի պայմաններում, ուժեղ տիպերի մոտ անհրաժեշտ են լինում երկարատև և առավել զորեղ գործոններ, որպեսզի բարձրագույն նյարդային գործունեությունը խաթարվի:

Նևրոզների տեսակները

Նևրասթենիա,

Հիստերիկ նևրոզ,

Կպչուն վիճակների նևրոզ:

Վերոհիշյալ հիմնական ձևերից բացի առանձնացվում են նաև դեպրեսիվ, վախի, սպասման, հիպոխոնդրիկ, ներքին օրգանների նևրոզներ և այլն:

Նևրասթենիայի առաջացման պատճառներից են երկարատև ու ձգձգվող, ոչ սուր բնույթ կրող հիվանդությունները, գերլարվածությունը, մտավոր և ֆիզիկական գերհոգնածությունը, անքնությունը, ինչպես նաև հուզական բացասական ապրումները, կանոնավոր հանգստի բացակայությունը, որոնք հասցնում են նյարդային համակարգի հյուծման:

Նևրասթենիայի բնորոշ ախտանիշներից են՝ բութ գլխացավերը, ծանրության զգացումը գլխում, և հատկապես դյուրագրգռությունն ու անզսպվածությունը, որը շատ շուտ մարում և փոխվում է նյարդային թուլության: Հիվանդի մշտական գանգատներից են մոռացկոտությունը, աշխատունակության անկումը: Քունը խանգարվում է, դառնում է մակերեսային, անհանգիստ ու մղձավանջային երազներով լի: Այս ամենի արդյունքում հիվանդը առավոտյան արթնանում է չթարմացած, հոգնած, վատ տրամադրությամբ: Նևրասթենիայի ժամանակ կարևոր դրսևորում է հանդիսանում զգացմունքային-հուզումնալից վիճակը, որը հաճախ կարող է ընդունել դեպրեսիվ երանգ:

Ոչ հազվադեպ հանդիպող ախտանիշներից են ասթենո-հիպոխոնդրիկ և դեպրեսիվ-հիպոխոնդրիկ վիճակները: Հիվանդների գերակշռող մասը գերզգայուն է դառնում օրգանիզմի և ներքին օրգաների ամենաչնչին խանգարումների հանդեպ:

Վերոհիշյալ ախտանշաններն անպայման չէ, որ բոլոր հիվանդների մոտ նույնությամբ արտահայտվեն: Դա առիթ է տվել առանձնացնելու նևրասթենիայի երկու ձևեր՝ հիպերսթենիկ և հիպոսթենիկ: Հիպերսթենիկ ձևի եպքում առկա են արտահայտված դյուրագրգռությունը, անհամբերությունը և հուզումնային բռնկումները, որոնք արագ մարում են: Հիպոսթենիկ ձևը արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, թորշոմածությամբ, արագ հոգնածությամբ, քնկոտությամբ: Նման հիվանդների տրամադրությունը մեծ մասամբ ակնումային է, շարժողական ոլորտը թեթևակի արգելակված:

Նևրասթենիան կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի հատկապես այն դեպքում, երբ հիվանդածին գործոնները դեռևս շարունակվում են գոյություն ունենալ:

Հիստերիկ նևրոզի ժամանակ հաճախ հանդիպող ախտանշաններն են՝ հույզերի անզսպվածությունը, տրամադրության արագ տատանումները: Հիստերիկ նևրոզով տառապող հիվանդները խիստ դյուրահույզ են, տպավորվող ու ցուցամոլ: Կամակորությունը, արտաքին տպավորություն թողնելու ձգտումը, ստախոսությունը, ձևամոլությունը հիստերիայի ժամանակ հաճախ հանդիպող ախտանիշներից են: Հիստերիկ նևրոզով տառապող հիվանդները խիստ ներշնչվող են: Բավական է, որ նման հիվանդը ուշագնացության նոպայի ականատես լինի, որպեսզի ինքը ևս նոպա ունենա: Հիստերիկ նոպային սովորաբար նախորդում է հուզմունք կամ հոգեկան ցնցում: Այն ցուցադրական բնույթ է կրում, անպայման ծանոթների, մոտիկների և այլ մարդկանց ներկայությամբ է առաջանում: Նոպան սկսում է պարզ գիտակցության ֆոնի վրա, որը նոպայի ընթացքում կարող է մթագնել: Հիվանդը զգուշությամբ վայր է ընկնում, որպեսզի իրեն չվնասի: Սկսվում են քաոսային բնույթի լայնաթափ, բարդ ու բազմաձև շարժումներ: Հիվանդը ոտքերով հարվածում է հատակին, կոտրատում, կսմթում ու կրծոտում իր ձեռքերն ու մարմինը, մազերն է պոկում, հագուստը պատռում: Նոպայի ժամանակ բբերի լույսի հակազդման ռեակցիան պահպանվում է: Նոպայից հետո հիվանդը գանգատվում է թուլությունից, ջարդվածությունից, լրիվ կամ մասնակիորեն հիշելով կատարվածի մասին: Հիստերիայի դեպքում կարող են դիտվել նաև զգացողական, սոմատո-վեգետատիվ բազմավիթ խանգարումներ: Դրանցից են մարմնի տարբեր մասերի զանազան դողերը պարեզներն ու պարալիզները, մուտիզմը, ձայնի կորուստը, խուլ-համրությունը, կուրությունը, մարմնի, հոտի զգացողության կորուստը, մաշկային տանջող քորը, ինչպես նաև սրտի գործունեության, շնչառության, ստամոքս-աղիքային բազմաթիվ խանգարումներ:

Կպչուն վիճակների նևրոզի դեպքում հիվանդների մոտ առաջանում են նրանց համար խորթ մտքեր, հիշողություններ, կասկածներ, վախեր, գործողություններ, որոնց անմտությունն ու հիվանդագին բնույթը գիտակցելով ու հասկանալով հանդերձ ցանկանում են դրանցից ազատվել, բայց չեն կարողանում: Առավել հաճախ հանդիպում են կպչուն վախերը: Կպչուն մտքերը հաճախ միահյուսվում են դրանք հաղթահարելու պաշտպանողական կպչուն բնույթի ծիսակարգերով, օրինակ հիվանդները վարակվելուց վախենալու դեպքում ամեն անգամ որևէ առարկայի կամ մարդու ձեռք տալուց հետո անպայման լվացվում են: Կպչուն հիշողությունների դեպքում հիվանդները անընդհատ վերհիշում են իրենց կյանքի տհաճ իրադարձությունները: Կպչուն վիճակները կարող են արտահայտվել նաև կպչուն հակումների ու գործողությունների ձևով: Կպչուն գործողություններով տառապող հիանդները չնայած գիտակցում և աշխտաում են դրանք հաղթահարել, բայց անկարող են որևէ գործողություն չկատարել: Օրինակ, գլուխը շարժել, վիզը ձգել, ձեռքերով ինչ-որ շարժումներ կատարել և այլն:

Կպչուն վիճակների կևրոզի դեպքում կպչունության հետ միասին առաջանում են նաև ասթենիկ բնույթի ախտանշաններ՝ դյուրագրգռություն, արագ հոգնածություն, քնի խանգարում, ախորժակի բացակայություն:

Բուժումը: Նևրոզների բուժման գործում միշտ պետք է հիշել, որ դրանք ոչ միայն նյարդային համակարգի, այլև ամբողջ օրգանիզմի հիվանդություն են, և դրանց հիմքում հոգեկան տրավմաներից բացի ընկած են նաև մարմնային մի շարք գործոններ: Այսպիսով, նևրոզների բուժումը պետք է տարվի համալիր ձևով, հիմնական շեշտը դնելով արտաքին պայմանների փոփոխության, նևրոզ առաջացնող պատճառների և հոգեկան ապրումների վերացման, նարդային համակարգի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի ու առանձին օրգանների խանգարված աշխտանքի կարգավորման վրա: Պետք է ստեղծել աշխատանքի և հանգստի նորմալ ռեժիմ: Բուժման գործընթացում նաև հարկավոր է հաշվի առնել նևրոզի տեսակը և յուրաքանչյուր դեպքի համար անհատական մոտեցում ունենալ:

Ժամանակակից հոգեդեղաբանության զարգացումը մեծ հնարավորություն է տալիս նևրոզների առավել արդյունավետ բուժման համար: Նևրոզների յուրաքանչյուր տեսակի բուժման համար նախատեսված են դեղամիջոցներ: Եվ այդ դեղամիջոցները հիվանդը կարող է ընդունել միայն բժշկի թույլտվությամբ:

Նևրոզների բուժման գործում հսկայական նշանակություն ունի քնի կարգավորումը: Այդ նպատակով լավ է երեկոյան զբոսանքը, քնելուց առաջ ոտքերի տաք լոգանքը, ինչպես նաև քնաբերների օգտագործումը:

Նևրոզների բուժման կարևոր գործոն է աշխատանքային թերապիան: Նևրոզով տառապող հիվանդին երկար ժամանակ աշխատանքից ազատելը կարող է ավելի բարդ հետևանքների հանգեցնել, խորացնել նևրոզային գանգատները:

Նևրոզների դատահոգեբուժական փորձաքննությունը դժվարություն չի ներկայացնում, քանի որ այդ հիվանդությունների դեպքում հիվանդները միշտ էլ ի վիճակի են ղեկավարել իրենց ու հաշիվ տալ իրենց կատարած արարքներին:

Աղբյուրը՝

Մելիք-Փաշայան Մ. Ա., Հովհաննիսյան Վ. Հ., Հոգեբուժություն: Դսագիրք բժշկ. Ինստիտուտի ուսանողների համար. – Ե., Լույս. 1994.- 359 էջ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Հակոբյանը:

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (31.03.2019)
Դիտումներ: 2575 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar