Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ՄԱԿԱԲՈՒՅԾ ԲԱՌԵՐԻ ՀՈՒՇԱՐԱՐ ԲՆՈՒՅԹԸ

ՄԱԿԱԲՈՒՅԾ ԲԱՌԵՐԻ ՀՈՒՇԱՐԱՐ ԲՆՈՒՅԹԸ

Եվ ինչպիսի՜   հարց հնչեցրեց լրագրող Արտյոմ Պուչեգլազովը ՌԴ նախկին նախագահ  Դմիտրի Մեդվեդևի հետ հարցազրույցի ընթացքում . <<Պարո’ն նախագահ, իսկ ի°նչ մակաբույծ բառեր եք օգտագործում դուք խոսելիս>>: Ա՜յ թե հարց էր. այն հնարավորություն կտար բացահայտել անգամ նախագահի  անձնային հոգեբանական առանձնահատկությունները: Մեդվեդևի հումորային պատասխանը, սակայն, բավարարեց լրագրողին և հնարավորություն տվեց անել եզրակացություններ:  Ծայրահեղ դժվար է մարդու մեջ որսալ այնպիսի նշաններ, որոնք կարող են ասել նրա մասին ավելին, քան հենց ինքն է ասում:  Պատկերացրեք քանի անգամ եք հնարավորություն ունենում զրուցելու որևէ մեկի հետ և քանի անգամ եք թաքցնում ձեր իրական զգացմունքներն ու հույզերը, տրամադրությունը, բնավորությունը: Բազմակի անգամներ, եթե ոչ գրեթե միշտ, և բացահայտել մարդուն անկախ իր կամքից դժվար, բայց, համաձայնե’ք, հաճելի գործընթաց է: Մակաբույծ կամ դատարկ բառեըը (слова паразиты), տալիս են այդ հնարավորությունը:  Սրանք այն բառերն են, որոնք անկախ մեր կամքից անընդհատ խոսքի մեջ են, հատկապես դադարի ժամանակ, կամ այն դեպքում, երբ զրուցելիս հուզվում եք, չունեք տրված հարցին համարժեք պատասխան և այլն: Երբեմն էլ դրանք հանդիպում են ձայնարկությունների տեսքով` <<Ըմ-ըմ>>, <<է-է>>, <<ա-ա>> և խանգարում  զրուցակցի մոտ լավ տպավորություն առաջացնելու  շատերի  ձգտմանը:  Պարզվում է`մարդկանց կողմից առավել հաճախ գործածվող բառերի այս տեսակը թույլ է տալիս նաև հասկանալ վերջիններիս:  Փորձագետները պարզել են, որ ԱՄՆ  նախագահ Բարաք Օբամային իր ելույթների ընթացքում երբեք չի հաջողվում խուսափել <<այսպիսով>>,<<լավ>>  (so, well) բառերի հաճախակի  կրկնությունից: Ասում են, թե նրանք, ովքեր սիրում են իրենց խոսքում անընդհատ ասել <<այսպիսով>>,  ինքնավստահության պակաս ունեցող մարդիկ են, խոսքի ընթացքում նրանք կարող են մի քանի անգամ կրկնել նույն միտքը, կարծես թե համոզվելու համար իրենց ասածի ճշմարտացիության մեջ:   Բորիս Ելցինի ելույթներին հետևողները փաստում են. <<միանգամայն>> (однозначно) բառը նա կարող էր ելույթի ընթացքում   շուրջ տասն անգամ կրկնել, իսկ այդ բառի հոգեբանական մեկնաբանությունը տանում է դեպի  անկառավարելի, կտրուկ և անկանխատեսելի մարդկային կերպարի հետքերով: <<Ընդհանրապես>> բառի սիրահարները վեճերի, կոնֆլիկտների միջոցով ինքնահաստատվող մարդիկ են, <<ուղղակի, պարզապես>> հաճախակի ասում են նրանք, ովքեր վախենում են պատասխանատվությունից, միշտ գտնում են իրենց արարքների համար արդարացում,<<իրականում>>-ը էգոիստ մարդկանց սիրելի բառն է, <<ի դեպ>> սիրում են կրկնել ամաչկոտները և այլն:  Մակաբույծ  բառերն իրականում խիստ  անհատական են և յուրաքանչյուր մարդ կարող է  ունենալ  իր բառապաշարում արմատացած կպչուն բառերի  սեփական օրինակներ, սակայն հուսահատվել  դրանց առկայությունից պետք չէ, քանի որ դրանք յուրօրինակ հուշարարներ են, որոնք կարծես թե օգնում են հասկանալու այն, ինչն այնքան նրբորեն  պահվում է ենթագիտակցության մեջ:

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝  www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 453 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar