Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Լավ է լինել առաջինը գյուղում, քան վերջինը քաղաքում

Լավ   է լինել առաջինը գյուղում, քան վերջինը քաղաքում

 

 Շախմատում  վաղուց ընդունված մի օրենք կա. եթե ցանկանում ես ավելի լավ խաղալ, պիտի խաղաս քեզնից ուժեղի հետ: Սակայն նման դեպքերում պարտությունը հաճախ անխուսափելի է լինում, իսկ արդյո՞ք մարդիկ պատրաստ են պարտության: Կամ արդյո՞ք նրանք պատրաստ են հաղորդակցվել  իրենցից  ավելի խելացի  կամ գեղեցիկ մարդկանց հետ:  Դժվար է ասել,  քանի որ լավ է լինել առաջինը գյուղում, քան վերջինը քաղաքում բանաձևը արդիական է շատերի համար: Կյանքի որոշակի ասպարեզներում առաջատար լինելու նարցիսական մոլուցքը երբեմն իր ծուղակն է գցում մարդկանց: Արդյունքում նրանց համար ավելի  գերադասելի է,  օրինակ, իրենց շրջապատում  ունենալ այնպիսի ընկերներ, որոնք իրենց  ինչ-ինչ առումներով զիջում են կամ ծայրահեղ դեպքում նման են, բայց ոչ երբեք առավել: Այս ընտրությունը պայմանավորվում է գնահատմամբ:  Գնահատման  ամենատարածված և կիրառելի  բանաձևը շատ պարզ է. մեկ այլ մարդու գնահատելիս՝ մենք համեմատում ենք նրան մեզ հետ: Եվ  որքա՜ն անարդարացի գնահատում է դա հաճախ. համեմատել սեփական դրական սկզբունքներն ու համոզմունքները  ուրիշների՝ <<սխալ>>  սկզբունքների և համոզմունքների, դիրքորոշումների հետ  և, արդյունքում, ինչպես կասեր ֆրանսիացին՝ ՛՛voila՛՛ (թարգ.՝ ահա) ՝ <<դուք առավել եք, ավելի լավն եք>>: Ինքնախաբեության, իսկ երբեմն էլ ուրիշների հավանությանը արժանանալուն  տանող այս ուղին  զրկում է անձին իրական ինքնահաստատման հնարավորությունից:    Հետաքրքիր է, ու՞մ է սա անհրաժեշտ, ո՞վ է իրեն  անընդհատ տանջում այլոց հետ համեմատվելու ձգտմամբ, ու՞մ են բարկացնում  ուրիշների հաջողությունները և ո՞վ է գերադասում իր շրջապատում ունենալ իրենից  ինտելեկտուալ կամ այլ  առումներով ավելի ցածր ընկերներ: Անկասկած նա, ով ունի ցածր ինքնագնահատական, ինքնավստահության պակաս և ինքնակայացման խնդիրներ: Սա հեշտ լուծելի խնդիր է, ընդամենը պետք է մարդը սովորի սիրել ինքն իրեն, իսկ սեփական անձի հանդեպ սիրո հիմքում պետք է տեսել վստահությունը, վստահել սեփական ուժերին՝ աստիճանաբար նկատելով, որ  դադարում եք համեմատվել ուրիշների հետ և չեք վախենում, որ ձեզնից որևէ մեկը  որևէ բանով առավել կլինի:  Եվ այսպես՝ ներքին ազատության ձեռք բերման բանալին.  որոշակիորեն <<անտեսել>> ձեր հասցեին հնչեցված թե՛ դրական, և թե՛ բացասական գնահատումները: Քանի որ  միևնույն է այդ գնահատումներին  իմաստ եք տալիս հենց դուք: Օրինակ, երբ ասում են, որ վատ աշխատանք եք կատարել՝ նմանվելով այն ուսանողին, որը քննությունից ցածր գնահատական է ստացել, սկսում  եք որոնել ուրիշների սխալները այդ հարցում, իսկ գովասանքի խոսքեր լսելիս՝  կրկին անգամ գնահատումներ տալով, սկսում եք մտածել, որ տվյալ մարդը ձեզ հավանում է, կամ պարզապես  հաճոյախոսում…իսկ իրականում ամեն բան կարող է բոլորովին այլ հիմնավորում ունենալ: Ստացվում է, որ  դուք այն եք, ինչ ինքներդ եք մտածում ձեր մասին: Իսկ դա էլ նշանակում է, որ ոչ թե նա է <<առաջինը>>, ում շրջապատն է այդպես կոչում, այլ նա, ով ինքն է այդպես մտածում իր մասին: Ընդամենը պետք է հարգել սեփական անձը…

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝ www.diplomat.am

 

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 445 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar