Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Հույզերի կառավարում

          

 

Հաղորդակցման ընթացքում առաջացող փոխըմբռնման դժվարութունները հաղթահարելը հեշտ չէ: Դրա համար անհրաժեշտ է հասկանալ դիմացինի հոգեբանության նրբությունները, ներառյալ  նաև ձեր սեփականը: Որպեսզի չառաջանան շրջապատող անձանց հետ փոխըմբռնման դժվարություններ, մարդը պետք է իմանա հաղորդակցության հոգեբանական կանոնները և նախևառաջ իմանա, թե ինչպես կառավարել իր հույզերը, որոնք հաճախ դառնում են  միջանձնային հակամարտությունների աղբյուր:

Հուզականությունը խանգարում է գործունեության կարգավորմանը :

Այս տեսակետը հայտնել է հայտնի շվեցարացի հոգեբան Է.Կլապարեդը :

«Հույզերի վնասակարությունը հայտնի է բոլորիս: Պատկերացրեք մի մարդու ,ով պետք է անցնի փողոցը,բայց վախենում է ավտոմեքենաներից : Նա կկորցնի ինքնատիրապետումը եւ կվազի»-նշում է Է.Կլապարեդը:

Տխրությունը, ուրախությունը, զայրույթը, վիրավորանքը հաճախ ստիպում են մեզ անցանկալի գործողություններ կատարել,մթագնում են մեր միտքը, և մենք, ինչպես հարկն է, չենք ճանաչում ինքներս մեզ եւ «կորցնում ենք մեր գլուխը»։

Համոզված լինելով, որ հույզերի հետ պայքարը հաղթողին ավելի շատ փուշ է բերում, քան դափնիներ, մարդիկ փորձել են գտնել իրենց հուզական դաշտի վրա ազդելու ուղիներ: Նման երևույթն հոգեբանության մեջ անվանվում է հուզական կառավարում:

Սա թույլ է տալիս ներթափանցել սեփական հոգեկանի խորքային մեխանիզմների մեջ եւ օգտագործել այդ մեխանիզմները ավելի իմաստալից, քան առաջ էր:

Հույզերի կառավարման այդպիսի համակարգ է առաջարկվել յոգայում: Սա հիմնված է որոշակի մարմնամարզական վարժությունների վրա: Սակայն որոշ հոգեբաններ, որոնցից է Ի.Շուլցը , առաջադրել է մի հոգեթերապևտիկ մեթոդ, որում կան  նաև յոգայի տարրեր , բայց  հիմքում ընկած է մարդուն բնորոշ մի հատկություն` ինքնաներշնչանքը: Աուտոթրենինգի ընթացքում առաջացող հանգիստ վիճակը (ռելաքսացիան) վերացնում է մկանային, ինչպես նաև հոգեկան լարվածությունը, վախը և հուզմունքը: Հայտնի է, որ մկանային տոնուսի և հուզական վիճակների միջև առկա է մշտական կապ: Եթե մկանները թուլացած են, անձն իրեն հանգիստ է զգում (և հակառակը): Արդյունքում անձը դառնում է ավելի վստահ և հանգիստ:

Հոգեբանական գրականության մեջ կան հույզերի կառավարման վերաբերյալ տարբեր մոտեցումներ:

Ցանկալի է կարողանալ կառավարել հույզերը և կարողանալ ղեկավարել դրանց արտաքին դրսևորումները:

Հույզերի կառավարման արդյունավետ եղանակներից մեկը տվյալ իրավիճակը տարբեր կողմերից ընկալելն է: Մեր սեփական դիրքորոշումներն ու սպասելիքները, մեկնաբանությունները և ստերեոտիպերը մեզ ստիպում են եզրակացություններ անել և հաղորդակցման գործընթացում համապատասխան դիրք գրավել ՝որոշակի հույզեր դրսևորելով։ Շրջապատող սոցիալական աշխարհում մենք հաճախ տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք, և դրա համար էլ պատրաստ ենք տեսնելու։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ուշադրություն ենք դարձնում որոշակի փաստերի՝ չնկատելով ուրիշները, կամ էլ նրա համար, որ, ընկալելով կոնկրետ մարդու՝ մենք նրա մեջ տեսնում ենք ուրիշին, ում հետ նախկինում փոխազդեցություն ենք ունեցել։

Ինչպես նշում են կոգնիտիվ հոգեբանության ներկայացուցիչները ՝«Կարևոր չէ , թե ինչ է կատարվել , կարևորը մեր վերաբերմունքն է դրա նկատմամբ»:

Ուրեմն հաջորդ անգամ, երբ զգաք, որ ոչ ադեկվատ հուզական արձագանք եք դրսևորում ,ուրեմն իմացեք, որ իրավիճակը վերլուծելու ճիշտ ժամանակն է :

Բայց պետք չէ նաև միշտ  զգոն լինել , քանի որ դա իր հերթին կարող է լարվածություն և  գրգռվողականություն առաջացնել եւ բացասաբար անդրադառնալ հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների վրա:

Վերլուծեք ձեր հուզական հակազդումներըթե դրանք ինչ դրսևորումներ ունեցան շրջապատի մարդկանց , հարաբերությունների և ձեզ վրա:Երբեմն պատահում է, որ մեզ հետ իրոք վատ են վարվում, սակայն այստեղ նույնպես մենք ազատ ընտրություն ունենք, թե ինչպես արձագանքել: Մենք կարող ենք զայրանալ, վիրավորվել և կարող ենք ընդունել, ներել: Բայց միշտ հիշեք, որ բացասական հույզերով մենք առաջին հերթին ինքներս մեզ ենք վնաս հասցնում:

Հուզական կառավարումը եւ կայունությունը ձեզ կօգնի պարուրվել հոգեկան ներդաշնակությամբ: Մի փնտրեք ներդաշնակություն արտաքին աշխարհում: Այն ձեր ներսում է :Բացասական զգացողությունները` բարկությունը, վախը, անհանգստությունը երբեք էֆֆեկտիվ չեն լուծում ոչ մի դժվարություն: Ձեր կյանքում առաջացած յուրաքանչյուր խնդիր փորձեք լուծել հանգիստ, գիտակցված, առանց ավելորդ էմոցիաների: Թույլ մի տվեք, որ բացասական հույզերը ղեկավարեն ձեզ,միշտ հիշեք, որ դուք ունեք սիրո , խաղաղության ու հանգստության պաշար ձեր ներսում և օգտագործեք դրանք , երբ արտաքին աշխարհում պակաս զգաք:

Միայն թե պետք է վերադառնաք դեպի ձեզ, տեսնեք ձեզ, հասկանաք ձեզ, վստահեք , սիրեք ձեզ, այդ դեպքում կզգաք այն խաղաղության ու անսահման հանգստության զգացողությունը, որը հուզական կայունության արդյունքն է:

Նյութը պատրաստել է  ՀՊՄՀ ԿՀՍ  ֆակուլտետի ուսանողուհի  Սուսաննա  Սուլթանյանը։ 

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (01.07.2018)
Դիտումներ: 2826 | - Վարկանիշ -: 4.8/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar