Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ՀԻԲՐԻՍ ՍԻՆԴՐՈՄ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՆ

Երբ փոխվում է  սոցիալական  կարգավիճակը, փոխվում է նաև  մարդը՝ անկախ իր կամքից և առանց որևէ  ջանք գործադրելու:   Հեռուստատեսությամբ հաճախ հանդես եկող աստղերից շատերը պնդում են, որ իրենք չեն տառապում այսպես կոչված «աստղային հիվանդությամբ», սակայն, շրջապատողները  նկատում են, որ այս մարդիկ էապես փոխվում են  ժամանակի ընթացքում:  Իսկ  ի՞նչ է տեղի ունենում այն դեպքում, երբ մարդը ձեռք է բերում ոչ միայն ճանաչում, այլ նաև իշխանություն:

Փիլիսոփաներից մեկը ժամանակին ասել է, որ երբ ձեռք ես բերում իշխանություն, կորցնում ես ազատությունդ,  կորցնում ես ամեն ինչ և դու այլևս չես կարող լինել այնպիսին, ինչպիսին նախկինում էիր: Անգլիացի լորդ  Դեվիդ Օուենը, ով բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել անձամբ շփվելու այս կամ այն  քաղաքական գործիչների հետ, ուսումնասիրեց այս երևույթը` համեմատականներ տանելով  քաղաքական գործիչների կերպարների  միջև մինչ իշխանության գալը, և ինշխանության ձեռքբերումից հետո: Եվ ահա այդ ուսումնասիրությունների արդյունքում էլ ծնվեց հիբրիս սինդրոմ արտահայտությունը, որի հիմքում ընկած բառը՝ հիբրիսը, օգտագործվում էր դեռևս  Հին  Հունաստանում՝  մատնանշելու համար այն մարդուն,  ով ուներ իշխանություն  և  չափազանց մեծամիտ էր:  

Օուենը փաստում է, որ սինդրոմը բնածին չէ, ավելին, այն ձեռք է բերվում միայն այն ժամանակ, երբ մարդուն տրվում է «անսահմանափակ» իշխանություն: Այստեղ կարևոր են երկու  հիմնական գործոններ՝

Անակնկալ կերպով ձեռք բերված հաջողություն
Դրական քաղաքական իրավիճակ

Օուենը պնդում է, որ այս սինդրոմով մարդիկ սովորաբար ունենում են նարցիստական հակումներ՝   դիտարկելու շրջապատող միջավայրը որպես սեփական իշխանության   կենտրոն, չափից դուրս ուշադրություն են կենտրոնացնում իրենց կերպարին, սեփական անձի մասին խոսելիս ձայնի երանգը փոփոխվում է, անհիմն համոզվածություն կա, որ սեփական մտքերն ու դատողությունները ճիշտ են և այլն:

Ըստ էության  հիբրիս սինդրոմի դրսևորման դեպքում անձը կորցնում է իրականության  ադեկվատ գնահատման հնարավորությունը:  Այս սինդրոմով տառապողների համար ամենաբնորոշ բնութագրերից է ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ  Ռիչարդ Նիքսոնի, Ջոն Քենեդիի  հետ:  Հեղինակը չի բացառում նաև, որ   Ստալինը, Մուգամբեն, Հիտլերը  ևս ունեցել են հիբրիս սինդրոմ: Ժամանակակից քաղաքական գործիչներից հեղինակը մատնանշում է Ջորջ Բուշ կրտսերին՝ որպես այս համախտանիշը կրող քաղաքական գործչի և բացառում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ նման խնդրի առկայությունը:  Ստացվում է, որ իշխանությունը, որքան էլ այն բաղձալի թվա, ունի իր բացասական կողմերը, այն կարող է հանգեցնել իրականության ճիշտ գնահատման կարողության կորստին...



Աղբյուրը: http://www.diplomat.am/publ/authors/ani_xowdoyan/1/82-1-0-1467
Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (27.06.2016)
Դիտումներ: 468 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar