Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Հարաբերական հասկացություններ. տարիք

Հարաբերական  հասկացություններ. տարիք

 

  Անկախ ազգային պատկանելությունից, սեռից և մասնագիտությունից գոյություն ունի մարդկանց մի տեսակ, որը հակված է դժգոհելու  կյանքի պայմաններից, իրեն շրջապատողներից:  Այդ  հավածությունը բնորոշ է  հատկապես այն մարդկանց, ովքեր բավարարված չեն առաջին հերթին իրենց անձով, գործունեության տեսակով,  իրենց արտաքին տվյալներով  և այլն:   Հետաքրքիր է նաև այն, որ դժգոհությունների, անբավարարվածության զգացողության ալիքը հատկապես սուր ընթացք է ստանում ավելի բարձր տարիքային փուլում գտնվող անձանց մոտ և հատկապես կանանց, որոնց մոտ սկսած 35-40 տարեկանից, ի հայտ է գալիս «ես այլևս երիտասարդ չեմ» բարդույթը: Այլևս երիտասարդ չլինելու զգացողությունը ոմանց կարող է պարզապես կոտրել, դա տեղի է ունենում այդ դեպքում, երբ անձը սկսում է հաշտվել այդ գաղափարի հետ` միառժամանակ բացասաբար տրամադրվելով շրջապատողների և աշխարհի դեմ,  մյուս դեպքում, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր, ձգտելով ազատվել այդ բարդույթից, ամեն բան անում են  ավելի երիտասարդ երևալու համար: Օրինակ, հաճախ կարելի է հանդիպել բավական պատկառելի տարիքում գտնվող կանանց, ովքեր հագվնում և շպարվում են դեռահասության կամ պատանեկության շրջանում գտնվող աղջիկների պես, կամ տղամարդկանց, որոնք դիմում են լրացուցիչ բժշկական միջամտության ավելի երիտասարդ երևալու նպատակով: Եվ միգուցե այս բոլոր դեպքերում անձին հաջողվում է մասամբ ազատվել այլևս երիտասարդ չլինելու զգացողությունից, սակայն, համաձայնեք, որ արտաքինը երբևէ չի կարող լինել այն միակ գործիքը, որով կհաղթահարվի այն:   Անգամ այն մարդիկ, ովքեր անկախ տարիքից արտաքնապես բավական երիտասարդ են երևում, շարունակ տանջվում են երիտասարդության անդարձ կորստի գաղափարով: 

    Մարկ Տվենը ասում  էր. «Տարիքը գոյություն ունի միայն ձեր գիտակցության մեջ, եթե դուք դրա մասին չեք մտածում, ապա այն ընդհանրապես գոյություն չունի»: Ահա այստեղ է, որ «տարիք» հասկացությունը աստիճանաբար տեղափոխվում է հոգեբանական հարթություն` ո’չ բիոլոգիական և ո’չ էլ ժամանակագրական(хронологический): Հոգեբանական տարիքը մի ամբողջական գոյացություն է, որի բաղադրատարրերն են անձի հուզական, վարքային առանձնահատկությունները և դրսևորումները:

    Միայն անցյալի հիշողություններով ապրող մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են իրենց իրական տարիքի գերիները, այնինչ հոգեբանական տարիքը հնարավորություն է տալիս էապես ավելի երիտասարդ լինել, քան ցույց է տալիս խրոնոլոգիականը: Պետք է ընդամենը միտված լինել դեպի ապագան` կազմել նորանոր ծրագրեր, ունենալ հստակ ձևակերպված նպատակներ, սահմանել դրանց հասնելու ուղիներն ու միջոցները: Գիտակցության մեջ դրոշմել այն միտքը, որ իրական տարիքը ոչ թե տարիների, այլ զգացողությունների մեջ է և, որ բացասական զգացողությունները, մտքերը կործանանարար ազդեցություն կարող են ունենալ:

   Եվ   թեպետ գոյություն ունեն հոգեբանական տարիքի որոշմանն ուղղված թեստեր, այդուհանդերձ    լավագայույն միջոցը ձեր իրական տարիքն իմանալու հետևյալն է.  հարցրեք ինքներդ ձեզ, թե որքան կլիներ ձեր տարիքը, եթե  չիմանայիք, թե իրականում  քանի տարեկան եք:  Եվ եթե պատասխանը չի համապատասխանում կամ գերազանցում է ձեր իրական տարիքը 5 և ավելի տարիներով, ապա  ձեր հոգեբանական տարիքը գերազանցում է ժամանակագրականը:

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝ www.diplomat.am

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 963 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar