Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ԵՐԲ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՍ ԱՆՄՈՌԱՆԱԼԻՆ ԵՎ ՀԻՇՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐևՈՐ ՉԷՐ

ԵՐԲ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՍ ԱՆՄՈՌԱՆԱԼԻՆ ԵՎ ՀԻՇՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐևՈՐ ՉԷՐ

 

    Եթե դուք պատկանում եք այն մարդկանց դասին, ովքեր օրվա ընթացքում   հասցնում են  մի քանի անգամ մոռանալ,  թե ինչ պետք է վերցնեին   կողքի  սենյակ  գնալիս, եթե դուք գնում եք գնումների և մոռանում, թե ինչ պետք է գնեիք և վերջապես եթե այս ամենը նկատելով`  դուք վստահ եք, որ ունեք հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ, ապա պետք է ասել, որ դուք միանգամայն սխալ եք: Իրականում կատարյալ հիշողություն ունեցողներ չկան, և անգամ Հուլիոս Կեսարը, ով դեմքով ճանաչում էր իր 25000 զինվորներից յուրաքանչյուրին, դժվարանում էր մտապահել մարդկանց անունները:  Այդ դեպքում հարց է ծագում, եթե օրվա ընթացքում դրսևորվող անակնկալ մոռացումները հիշողության խանգարման արդյունք չեն,  ապա ինչու ենք մենք այդքան հաճախ մոռանում  այն, ինչ թվում է   թե անհնար էր մոռանալ:   Նմանօրինակ բոլոր հարցերը, շատերին մտածելու տեղիք են տալիս, և կարելի է ասել, որ  դրանք գտել են իրենց պատասխանները:  Երբ զրուցակցի հետ խոսելուց վայրկյաններ անց, դուք դժվարանում եք հիշել անգամ զրույցի բովանդակային մասը, ապա այստեղ խնդիրը ամենևին էլ հիշողությունը չէ. քանի որ սովորաբար   մարդիկ   մոռանում են այն պատճառով, որ ունակ չեն լսելու և ուշադրությունը կենտրոնացնելու: Գաղտնիք չէ նաև այն,  որ որևէ բան հիշելու կամ մոռանալու հարցում ոմանք առաջին հերթին նայում են իրենց  ,,շահերին,,.մոռանում են օրինակ այն, ինչը հիշելն իրենց ցավ է պատճառում (բացառություն են կազմում կպչուն, բացասական հիշողությունները, որոնք ամբողջ կյանքի ընթացքում չեն հեռանում անձի գիտակցությունից):  Չհիշելու ամենատարածված պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ուղեղը, այնպես ինչպես, անպետք ու հին տեղեկատվությամբ ծանրաբեռնված համակարգիչը, երբեմն նույնիսկ հնարավորություն չի ունենում նոր ինֆորմացիա ընկալել, ուր մնաց թե մտապահել այն: Այնպես որ չմոռանալու և ամեն ինչ հիշելու  կարևոր նախապայման է ուղեղից ավելորդ ինֆորմացիայի արտանետումը, ինչը, ի դեպ, շատ ջանքեր չի պահանջում: Վերցրեք մի նոթատետր և այնտեղ գրեք այն, ինչ պատրաստվում էիք մտապահել, ասենք օրվա Ձեր  պլանները և այլն, կասկածից վեր է` այդպես և’ դուք հանգիստ կլինեք, և’ ձեր ուղեղն էլ չի ծանրաբեռնվի ավելորդ տեղեկատվությամբ: Ինչպես ասում են`  <<Ամենալավ հիշողությունն ունեցող մարդը նա է, ով կարողանում է ճիշտ ժամանակին մոռանալ այն, ինչ իրեն անհրաժեշտ չէ>>:  

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝ www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 545 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar