Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Դալտոնիզմ

 



Դալտոնիզմը  բնածին առանձնահատկություն է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է ի հայտ գալ  նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում:
Դալտոնիզմը կամ գունային կուրությունը ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման

Աչքի ցանցաթաղանթի կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:

Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:

Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:
Նշենք ևս մի հետաքրքիր փաստ, որ շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի տեսակները

Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել:

Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:

Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:

Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:



Դալտոնիզմի ախտորոշումը

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Ինչպես է բուժվում դալտոնիզմը

Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան:

Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները:

Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Ալեքսանյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (09.09.2017)
Դիտումներ: 1593 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar