Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Բարոն Մյունհաուզենի սինդրոմը

Բարոն Մյունհաուզենի սինդրոմը  

      Արժանանալ ուշադրության…մի՞թե սա չէ այն հիմնական գործոններից  մեկը, որը դրդում է մարդուն դեպի այս կամ այն գործունեության, և մի՞թե բոլորին է հաջողվում արժանանալ այդ  բաղձալի ուշադրությանը, և վերջապես ի՞նչ  գնով: Տարիներ առաջ Ֆրիդրիխ Նիցշեն  արտահայտեց այն միտքը, որ ուշադրության են արժանանում այն մարդիկ, ովքեր կարողանում վախի զգացողություն առաջացնել դիմացինի մոտ և, եթե մարդը կարողանա այնպես անել, որ իրենից վախենան, ապա նա, այսպես թե այնպես, կհայտնվի ուշադրության կենտրոնում:  Ուշադրության արժանանալու մեկ այլ տարբերակ ևս գոյություն ունի. մարդիկ հետաքրքրվում են հատկապես նրանցով, ովքեր կյանքում ունենում են կտրուկ սայթակումներ կամ վերելքներ, ովքեր սիրված են կամ ատելի:   Պետք է նշել, սակայն, որ երբեմն  ուշադրության արժանանալու մոլուցքը, կարող է մարդուն տանել մեկ այլ, թվում է թե ավելի հեշտ ուղով. ընդամենը կարելի է մի քանի  սուտ հորինել,  և որ ամենակարևորն է` սկսել հավատալ սեփական ստին այնպես, որ դրան հավատան նաև ուրիշները: Բարոն Մյունհաուզենի սինդրոմով տառապողները նման մարդիկ են, ովքեր, ինչպես ենթադրվում է, ուշադրության արժանանալու ցանկությունից դրդրված, վերագրում են իրենց այս կամ այն հիվանդությունը` հզոր ինքնաներշնչման արդյունքում ունենալով ուժեղ ցավի զգացողություններ օրգանիզմի տարբեր հատվածներում: Ամերիկաբնակ Վենդի Սքոթը, այն մարդկանցից էր, ով  բազում դժվարությունների հաղթահարման շնորհիվ կարողացել էր դուրս գալ այդ ծանր վիճակից, որի մեջ նա հայտնվել էր, ինչպես ենթադրում են բժիշկները, միայնակության  պատճառով: Եվ անգամ այն դեպքում, երբ բժշկական հետազոտությունները ցույց էին տալիս, որ կնոջ օրգանիզմում ոչ մի խնդիր չկա, Վինդին շարունակում էր տանջվել ցավի ուժեղ զգացողությունից` հատկապես որովայնի և սրտի շրջանում` ստիպելով բժիշկներին  դիմել վիրահատական միջամտության:  Իրականում Մյունհաուզենի սինդրոմով տառապողները  դժվարությամբ են կարողանում հաղթահարել  իրենց հիվանդությունը, սակայն Վինդի Սքոթին դա հաջողվեց, և հաջողվեց միայն այն բանից հետո, երբ նա հասկացավ,  որ կարողանում է օգնել իրեն շրջապատողներին, որևէ բանով պիտանի լինել մարդկությանը, և որ այդ տարբերակը ուշադրության կենտրոնում հայտնվելու, միայնության զգացողությունից ազատվելու լավագույն տարբերակներից կարող է լինել: Մեր շրջապատում ևս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր թվում է, թե տառապում են Մյունհաուզենի սիդրոմով, է պարզապես հասկանալ,  որ շատ հաճախ այդ մարդիկ ընդամենը  ուշադրության կարիք ունեն:

Հեղինակ՝ Անի Խուդոյան

Աղբյուրը՝ www.diplomat.am

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (23.07.2016)
Դիտումներ: 996 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar