Գլխավոր էջ » Ֆայլեր » Գիտական հոդվածներ

Ամոթխածության և անձնային այլ առանձնահատկությունների փոխհարաբերությունը
27.07.2016, 15:12

Ամոթխածության և անձնային այլ առանձնահատկությունների փոխհարաբերությունը

ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոն

        Ամոթխածությունն անձնային հատկություն է, որի արտահայտվածության մակարդակը կանխորոշում է անձի գործունեության և ադապտացիայի առանձնահատկությունները: Ամոթխածությունը բնութագրական է բոլոր մարդկանց:  Սակայն որոշ մարդկանց մոտ վերջինս դրսևորվում է պարբերաբար և կենսական ամենատարբեր իրադրություններում: Հաճախ ամոթխածությունը դրսևորվում է նոր և անծանոթ իրադրություններում: Այս դեպքում վերջինս հանգամանքներին տրվող բնորոշ ռեակցիա է: Ամոթխածությունը ուժեղանում է պաշտոնական միջավայրում բարձր սոցիալական դիրք ունեցող մարդկանց հետ հանդիպելիս կամ համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելիս:                                                                                                          

      Ամոթխածության սահմանման, վերջինիս ձևավորման պատճառների վերաբերյալ  հոգեբանական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ և տեսակետներ: Ամոթխածությունը հաճախ դիտարկվում է այլ մարդկանց ներկայությամբ անհարմարություն, անվստահություն, վախկոտություն ապրելու հակվածություն: Ամոթխած մարդիկ դժվարությամբ են նոր ծանոթություններ հաստատում, չեն կարողանում հաճույք ստանալ շփումից: Ամոթխածությունը և վերջինիս հետ կապված շփման դժվարությունները հատկապես արտահայտվում են պատանեկության շրջանում: Միաժամանակ մեծահասակներն այն ընդունում են համեստություն կամ փակվածություն[3, էջ 213]:   Ամոթխած մարդիկ խմբում մեկուսացած են, հազվադեպ են ընդհանուր զրույցի մեջ մտնում, առավել հազվադեպ են իրենք սկսում խոսակցությունը, ավելի շատ լսում են, քան խոսում, ավելորդ հարցեր չեն տալիս, չեն կարողանում բացահայտ ներկայացնել իրենց կարծիքը: Զրուցելիս աշխատում են ուշադրության կենտրոնից դուրս լինել, քիչ և կամաց են խոսում: Համընդհանուր ուշադրության ժամանակ իրենց կորցնում են, չգիտեն ինչ պատասխանեն[3, էջ 212]: Երբեմն, ամոթխածության բարձր մակարդակի դեպքում մարդը չի կարողանում համարժեք ընկալել և կոգնիտիվ գնահատական տալ իրադրությանը: Ամոթխած մարդկանց համար շփումը հաճախ ծանրություն է: Ամոթխած մարդկանց շփման դժվարությունները հաճախ հանգեցնում են նրան, որ անձը խուսափում է սոցիալական շփումներից, պարփակվում է՝ ձգտելով միայնության: Մարդկանց հետ շփվելիս ապրվող լարվածությունը կարող է հանգեցնել նևրոզների զարգացման: Այսպիսի մարդիկ ավելի հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում: Ամոթխած մարդկանց բնորոշ է եսակենտրոնություն և որոշման ընդունման դժվարություն:

       Ամոթխածության ձևավորման վերաբերյալ միմյանց չբացառող տարբեր մոտեցումներ կան: Անձնային գծերի ուսումնասիրողները վստահ են, որ ամոթխածությունն անհատական առանձնահատկություն է, իսկ բիհեյվիորիստները կարծում են, որ ամոթխած մարդիկ պարզապես չունեն արդյունավետ հաղորդակցման սոցիալական  հմտություններ: Ըստ հոգեվերլուծողների՝ ամոթխածությունն անգիտակցական կոնֆլիկտների  դրսևորում է, իսկ որոշ հոգեբաններ ենթադրում են, որ ամոթխածությունը սոցիալական դիրքորոշումներից մեկն է, սոցիալական պայմաններն են մարդկանց ամոթխած դարձնում[2, էջ 57]: Ամոթխածության պատճառների ընդունված  մոտեցումներից է, որ ամոթխածությունը զարգանում է ավելի վաղ տեղի ունեցած բացասական իրադարձությունների արդյունքում: Բացասական կենսափորձը, անհաջողությունների շարքը նպաստում են, որ ամոթխած վարքն ամրապնդվի: Ամոթխածության արմատները պետք է փնտրել մանկությունում, երբ մարդուն չեն սովորեցրել ընդունել և սիրել իրեն այնպիսին, ինչպիսին կա: Անընդհատ մերժելով և չընդունելով իր Ես-ի որևէ կառույց` ամոթխած մարդն այն թաքցնում է շրջապատողներից: Վերջինիս հիմքում ընկած է վախի այն մտայնությունը, որ շրջապատող մարդիկ կնկատեն ու բացասական արձագանք կտան (քննադատություն, ագրեսիա, ծաղրանք, դժհգոհություն):                                                                                                                   

     Ամոթխածության պատճառներից է սեփական ուժերում վստահության պակասը: Հոգեբան Ֆ. Զիմբարդոն կարծում է, որ ամոթխածությունը շփոթության հետ է հանդես գալիս: Վերջինս նա համեմատում է իր նկատմամբ հարգանքի սուր, բայց կարճատև կորստի հետ, որը պարբերաբար պատահում է շատ մարդկանց մոտ[2]:                                                          Հոգեվերլուծող և հոգեթերապևտ Ն. Նարիցինի տեսանկյունից` յուրաքանչյուր ամոթխած մարդ ունի իր վերահսկողը: Դա կարող է լինել կամ ավագ ընկեր, ուսուցիչ, ծնող կամ մեկ այլ ավելի վստահ և գիտակ մարդ: Եվ նրա նշանակությունն այնքան մեծ է, որ ամոթխած մարդը միշտ զգում է իր կողքին այդ «քննողի» ներկայությունը: Եվ քանի որ վերահսկողն անընդհատ քննադատելու է, ապա հնարավոր գործողություններից ցանկացած եղանակի ընտրությունը վերածվում է տառապանքի: Այդպիսի մարդիկ, գտնվելով թվացյալ հսկողության տակ, միշտ կանգնած են գործողության լավագույն եղանակի ընտրության առջև, որն իրենց դժվարությամբ է տրվում, քանի որ իրենց բոլոր բառերն ու արարքները նրանք կասկածի են ենթարկում: Մարդու կյանքում հեղինակավոր մարդու կողմից տրվող անհամարժեք գնահատականի մշտական առկայությունը բացասաբար է ազդում անձի ինքնագնահատականի վրա և նպաստում է անլիարժեքության բարդույթի ձևավորմանը, համապատասխանաբար ուժեղացնում է ամոթխածության դրսևորումը: Արդյունքում` մարդը մտածում է, որ իրենից ոչինչ չի ստացվի, նա անհաջողակ և անկարող է[4]:                                                                                               

      Ամոթխած մարդկանց մոտ խիստ արտահայտված է նաև մերժված լինելու վախը, ինչը պայմանավորվում է նաև կասկածամտության և տագնապայնության բարձր մակարդակով:  Ի. Ս. Կոնը ենթադրում է, որ ամոթխածությունը պայմանավորված է ինտրովերսիայով, ինքնահարգանքի ցածր մակարդակով, միջանձնային կապերի բացասական փորձով[ըստ՝ 3, էջ 213]:

         Անձնային հատկությունների և հիմնական պահանջմունքների համահարաբերակցման առանձնահատկությունների մեր համակարգային հետազոտություններում ընդգրկվել է նաև ամոթխածության և անձնային այլ առանձնահատկությունների փոխհարաբերության ուսումնասիրումը: Հետազոտությանը մասնակցել են Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 2-րդ կուրսի 18-19 տարեկան 81 ուսանողներ: Կիրառվել են պահանջմունքային համակարգի ուսումնասիրության «Հիմնային պահանջմունքների բավարարվածության աստիճանի ախտորոշման մեթոդիկան» [5, էջ 421-423], անձնավորության ուսումնասիրության FPI հարցաթերթիկը [1, էջ 124], Ա. Մակլակովի և Ս. Չերմյանինի «Ադապտիվություն»  բազմաշերտ անձնային հարցարանը[1, էջ 60-65]:  Արդյունքները մշակվել են Սպիրմենի կարգային համահարաբերակցության տեխնիկայով: Համահարաբերակցային ցուցանիշներից առանձնացվել են նշանակալիները՝ հաշվի առնելով ազատության     տարբեր աստիճանների (n-2) և թույլատրելի սխալների տարբեր հավանականությունների համար հարաբերակցության գործակիցների ծայրագույն նշանակությունները:

       Ինչպես ենթադրվում էր, նշանակալի հարաբերակցային կապեր են բացահայտվել ամոթխածության և ինտրովերսիա-էքստրավերսիա (r=-0.235, p≤0.05), հաղորդասիրության (r=-0.392, p≤0.001) սանդղակների ցուցանիշների միջև: Վերջինս վկայում է, որ ամոթխածության բարձր մակարդակը հարաբերվում է հաղորդասիրության ցածր և ինտրովերտության բարձր մակարդակի հետ:  Հարաբերակցության նման պատկերը լիովին համադրվում է  այն ցուցանիշի հետ, որ արձանագրվել է ամոթխածության և Ա. Մակլակովի և Ս. Չերմյանինի «Ադապտիվություն» բազմաշերտ անձնային հարցարանի կոմունիկատիվ հատկությունների սանդղակի ցուցանիշների միջև (r=0.416, p≤0.001): Հարաբերակցային այս կապի դրսևորումը ցույց է տալիս, որ ամոթխածության արտահայտվածության և կոմունիկատիվ հատկությունների զարգացման մակարդակի միջև առկա է փոխկախվածություն. ամոթխածության բարձր մակարդակը պայմանավորվում է նաև կոմունիկատիվ հատկությունների զարգացման ցածր մակարդակով: 

      Տվյալների վերլուծությունից պարզվել է, որ բացասական հարաբերակցային կախվածություն է առկա ամոթխածության և կանացիություն-առնականություն սանղակի ցուցանիշների միջև(r=-0.416, p≤0.001): Սա վկայում է, որ ամոթխածության բարձր մակարդակը պայմանավորվում է նաև հոգեկան գործունեության ընթացքի կանացի տիպով, իսկ ցածր մակարդակը՝ հոգեկան գործունեության ընթացքի տղամարդկային տիպով:

     Բարձր հավաստիությամբ դրական կապեր են արձանագրվել ամոթխածության և նևրոտիկության (r=0.467, p≤0.001), դեպրեսիվության(r=0.453, p≤0.001), հուզական շարժունության (r=0.490, p≤0.001) միջև: Հարաբերակցային այս կապերի դրսևորումը ցույց է տալիս, որ ամոթխածության բարձր մակարդակի դեպքում արտահայտվածության բարձր մակարդակ է արձանագրվում նաև նևրոտիկության, դեպրեսիվության, հուզական շարժունության ցուցանիշներում և հակառակը: Անձնային այս հատկությունների և ամոթխածության փոխհարաբերության նման պատկերի դրսևորումը ցույց է տալիս, որ  այս դեպքում առկա է նյարդահոգեկան կայունության ցածր մակարդակ: Հարաբերակցային նման ցուցանիշ արձանագրվել է ամոթխածության և Ա. Մակլակովի և Ս. Չերմյանինի «Ադապտիվություն» բազմաշերտ անձնային հարցարանի ¦Նյարդա-հոգեկան կայունություն§ սանղակի ցուցանիշների միջև (r=0.343, p≤0.01): Անձնային հատկությունների արտահայտվածության նման համադրությունը, անշուշտ, ադապտացիայի բացասական գործոն է:

       Ամոթխածության և հիմնական պահանջմունքների հարաբերակացային կապերի հոգեբանական վերլուծության արդյունքում պարզվել է, որ

 Ամոթխածության արտահայտվածության մակարդակը նշանակալի դեր ունի անձի սոցիալական, անվտանգության, ճանաչված լինելու և ինքնադրսևորման պահանջմունքների դրսևորման առանձնահատկություններում:
 Երբ ամոթխածությունը խոչընդոտում է սոցիալական կապերի, միջանձնային հարաբերությունների հաստատմանը, դրական կապեր են արտահայտվում սոցիալական պահանջմունքների հետ: Քանի որ միջանձնային հարաբերությունները գործունեության արդյունավետության բարձրացման, խմբում ինքնադրսևորման մակարդակի, իր անձնային ներուժի զարգացմանն ու իրացմանը նպաստող էական գործոններ են, վարքի մոտիվացիայում առանցքային է դառնում սոցիալական միջավայրին ներգրավվումը:
Ամոթխածության բարձր մակարդակը, խոչընդոտելով գործունեության և սոցիալական միջավայրում միջանձնային հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, ինքնադրսևորման էական խոչընդոտ է դառնում: Սեփական անձնային կառույցների, միջանձնային հարաբերությունների բացասական գնահատումների արդյունքում ձևավորվում է գործունեության թույլ մոտիվացիա, անհաջողության հաղթահարման մեջ ակտիվությունից հրաժարում:
 Երբ ամոթխածությունը կապված է ինքնավստահության պակասի, ցածր ինքնագնահատականի, անհաջողությունների հաղթահարման հավատի պակասի, իր ուժերի և ընդունակությունների թերագնահատման հետ, բացասական կապեր են արտահայտվում ճանաչված և հարգված լինելու, ինքնադրսևորման պահանջմունքների հետ: Այդ է պատճառը, որ ամոթխած մարդկանց վարքի և ակտիվության հիմքում ընկած է անհաջողություններից խուսափելու մոտիվացիան:
 Ամոթխածության դրսևորման, տարբեր պահանջմունքների և անձնային հատկությունների հետ փոխհարաբերության նրբերանգների հաշվառմամբ պարզ է դառնում, որ ամոթխածությունը նաև պասսիվ պաշտպանական մեխանիզմի գործառույթ ունի: Սոցիալական միջավայրի հետ հուզական հավասարակշռության հաստատման գործընթացում այս հատկության նման գործառույթի ստանձնումը հանդես է գալիս` որպես ադապտիվ մեխանիզմ:

 

Գրականության ցանկ

1.Արզումանյան Ս., Մկրտչյան Ս., Սարգսյան Վ. Կիրառական հոգեբանության պրակտիկում, Երևան: Զանգակ-9, 2002, 392 էջ

2. Зимбардо Ф. Застенчивость, М.: АСТ: Астрель, 2005.-284 с.

3. Ильин Е. П. Мотивация и мотивы.- СПБ.: Питер, 2006, 512 с.

4.Нарицын Н. Застенчивость / http://www.naritsyn.ru/shyness.htm

5.Столяренко Л. Д. Основы психологии. Практикум, Постов н/Д, Феникс, 2006, 704 с.

 

 

Анна Аракелян

Резюме

Взаимоотношение застенчивости и других личностных особенностей


В статье представлены результаты экспериментов со студентами. Представлены результаты  корреляции личностных свойств с застенчивостью. В статье представлены результаты корреляции основных потребностей с застенчивостью и проанализированы особенности проявления взаимоотношений. Рассматривается функция защитного механизма застенчивости в процессе адаптации.

 

Anna Araqelyan

Resume

 

Relationship shyness and other personality characteristics

 

The article presents the results of experiments with students. The results of the correlation of personality features with shyness are presented. The article presents the results of correlation of the basic needs of shyness and the features of the manifestation relationships are analyzed. The function of the protective mechanism of shyness is viewed in the adaptation process.

Կատեգորիա: Գիտական հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani
Դիտումներ: 976 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar